12 փետրվար, 2019 13:10

Հայկական կողմի հստակ դիրքորոշումն է՝ Արցախը պետք է մաս կազմի բանակցություններին․ վարչապետի խոսնակ

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև արցախյան խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ փաստաթղթի շուրջ բանակցություններ դեռ չկան․ Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։

«Առաջիկայում երկու երկրների արտգործնախարարների հանդիպման պարագայում պարզ կլինի` կհանդիպեն Փաշինյանն ու Ալիևը, թե ոչ։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը, որոնց նկատմամբ ադրբեջանական կողմից կան ոչ հստակ արձագանքներ։ Եթե մի փոքր մոտեցվեն իրենց դիրքորոշումները մեր կարծիքներին, կարծում եմ` դա ինչ-որ չափով կդյուրացնի առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածությունը»,– ասել է Կարապետյանը։

Այս փուլում, սակայն, նրա խոսքով, որևէ կոնկրետ լուծման մասին չի խոսվում։

«Հայկական կողմի հստակ դիրքորոշումն է, որ Արցախը պետք է մաս կազմի բանակցություններին։ Մեզ համար տարակուսելի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահը համառորեն հրաժարվում շփվել Արցախի իշխանությունների հետ։ Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ինքը իրավասու է և ներկայացնելու է Հայաստանի Հանրապետությունը, փոխարենը`չի կարող ներկայացնել Արցախը բանակցություններում։ Հետևաբար, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ ուղիղ շփում լիներ Արցախի և Ադրբեջանի իշխանությունների միջև։ Այս փուլում միգուցե մենք դեռ չենք հասել այդ իրավիճակին, բայց կարծում եմ, որ փնտրտուքներն ու դիրքորոշման հստակեցումն անպայման օգնելու է դրան»,– նշել է վարչապետի մամուլի քարտուղարը։

Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանց մասին, Վլադիմիր Կարապետյանի խոսքով, ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը, ոչ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները չեն խոսում, ինչից էլ, նրա համոզմամբ, կարելի է համապատասխան եզրակացության հանգել։

Հունվարի 22-ին շվեյցարական Դավոսում ոչ պաշտոնական հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի և հետագա քննարկումների շուրջ: Ավելի ուշ անդրադառնալով հանդիպմանը՝ Փաշինյանը հայտարարել է, որ Ալիևի հետ «ոչ մի կոնկրետ դետալ չեն քննարկել, մտքեր են փոխանակել», և շփման «հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին խոսում են նաև հրապարակային»։

***

Անցյալ տարվա մայիսի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ 

Այդ թեզը վարչապետը պարբերաբար կրկնում է իր ելույթներում՝ ընդգծելով, որ ինքն «իրավասու չէ բանակցել Արցախի անունից»։

Դրույթն ամրագրված է նաև կառավարության ծրագրում, որն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։