12 փետրվար, 2019 15:33

Ղարաբաղյան կողմի դուրս մնալը բանակցային գործընթացից. ինչպես է եղել

1997թ., երբ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց Երևան, իսկ մեկ տարի անց դարձավ Հայաստանի ղեկավար, հակամարտության հիմնական` ղարաբաղյան կողմը, ոչ միայն դուրս մնաց բանակցություններից, այլև ժամանակի ընթացքում ղարաբաղյան գործոնը միջազգային հանրության ընկալումներում երկրորդական պլան մղվեց:

Լևոն Տեր-Պետրոսյանը որդեգրել էր «Երևանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաև Ստեփանակերտի ստորագրությունը» մոտեցումը: Քոչարյանի խոսքերով` ինչ-որ ժամանակ այդ մոտեցումն արդյունավետ էր, բայց պահ եկավ, երբ դարձավ հակաարդյունավետ. «Տպավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը պատրաստ է կարգավորման ամեն ձևի, բայց խնդիրը Ղարաբաղն է, ավելի ճիշտ` ԼՂ ղեկավարությունը: Հարց էր առաջանում՝ մի՞թե Հայաստանն ի վիճակի չէ իրենից ԼՂ-ի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել և ստիպել ԼՂ-ին համաձայնել այս կամ այն դիրքորոշման հետ»: «Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը. ոչ թե «մենք համաձայն ենք կարգավորման ամեն ձևի, որին կհամաձայնի ԼՂ-ը», այլ մենք ունենք սեփական դիրքորոշում և պատրաստ ենք այն պնդել: Իմ ընտրվելուց հետո ես այդպես էլ արեցի: Եվ այն հանգամանքը, որ կարգավորման վերջին առաջարկություններն էականորեն տարբերվում են նախորդներից, վկայում է, որ այդ դիրքորոշումն իրեն արդարացրել է: Ղարաբաղը կարող է ավելի կոշտ դիրքերից հանդես գալ, բայց Հայաստանի դիրքորոշումը պետք է հստակ և պարզ ձևակերպված լինի»: 

Քոչարյանի վարչակարգի դիրքորոշումն էր՝ Ղարաբաղը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, կամ միջնորդների ներկայացած ամեն առաջարկությունում պետք է հստակ ամրագրվի ԼՂ ինքնորոշման իրավունքը, թեկուզ` ժամանակային առումով ոչ անմիջապես:

Հայաստանի երկրորդ նախագահին հաճախ են քննադատել, որ նրա ժամանակ խեղաթյուրվել է ղարաբաղյան կարգավորման ձևաչափը, բանակցություններից դուրս է մնացել Ստեփանակերտը, որից օգտվելով՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը հակամարտությունը ներկայացնում է իբրև Բաքվի ու Երևանի միջև տարածքային վեճ:

Հեյդար Ալիևը 1999թ. Բաքվում հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանել է, թե ինչու է Ադրբեջանը խուսափում ԼՂ-ի հետ ուղղակի շփումներից: Նա նախ ընդունել է, որ ԼՂ-ը դե-ֆակտո արդեն Հայաստանի կազմում է: «Ասածիս վկայությունները շատ են: Հայաստանի ներկայիս նախագահը ԼՂ նախկին ղեկավարն է: Այստեղ արդեն ամեն ինչ ասված է: Այդքանից հետո դուք ասում եք, որ պետք է ուղիղ շփման մեջ մտնել: ԼՂ-ն ինքնուրույն միավոր չէ: Եթե Հայաստանը չմասնակցեր այս գործընթացին, եւ եթե նա դե-ֆակտո չմիացներ ԼՂ-ը, իհարկե, այլ ելք չէր մնա, քան ԼՂ-ի հետ ուղիղ շփումները: Առաջին իսկ օրից հակամարտությունը ոչ միայն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև էր, այլև Հայաստանի և Ադրբեջանի: Եթե Հայաստանը մի կողմ քաշվի և չմիջամտի, մեզ այլ ճանապարհ չի մնա, քան ԼՂ-ի հետ հարցի քննարկումը: Բայց քանի դեռ մեզ համար գլխավոր սուբյեկտը Հայաստանն է, մենք ուզում ենք պայմանավորվել Հայաստանի հետ»:

Վարդան Օսկանյանն ընդունում է` ղարաբաղյան կողմը ներգրավված չէ բանակցային գործընթացում, և դրա միակ պատճառն Ադրբեջանի մերժողական կեցվածքն է: «Այսօր Հայաստանը հետևյալ երկընտրանքի առջև է կանգնել. պնդել ԼՂ մասնակցությունը և չգնալ բանակցությունների՞, թե՞ համաձայնել բանակցություններին` հանուն այն բանի, որ դրանք չընդհատվեն: Հայաստանի նախագահը որոշել է երկրորդը` հարցին մոտենալով հետևյալ կերպ. իսկապես կարևոր չէ, թե հայերի կողմից ով է բանակցում, այլ` թե ինչ ենք բանակցում»:

«ԼՂ-Ադրբեջան` Հայաստանի ակտիվ ներգրավվածությամբ»` այսպիսի ձևաչափն է նախագահ Քոչարյանը համարում համարժեք: «Երևան-Բաքու ձևաչափը միայն բացասական հետևանքնե՞ր է բերում, թե՞ ունի նաև դրական մեծ ռեսուրս: Ո՞րն է բացասականը: Առաջին հերթին, որ Ադրբեջանը փորձում է օգտագործել այս ձևաչափը` զուգահեռաբար Հայաստանին ագրեսիայի ու տարածքների զավթման մեջ մեղադրելով: Այս փաստարկներն այլևս ոչ մեկին չեն հետաքրքրում: Բոլորը գիտեն հակամարտության էությունը և հասկանում են, որ Ադրբեջանի մերժումը` բանակցելու ԼՂ-ի հետ, ավելի շատ գալիս է հոգեբանական բարդույթից: Դա կապված է պատերազմի հետևանքների հետ»:

Ըստ Քոչարյանի` Երևան-Բաքու ուղիղ բանակցություններն ունեն երեք հիմնական առավելություն: Առաջին և կարեւորը. Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը: «Երկրորդ` ես` որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում հանդիպումների ժամանակ ներկայացնել ԼՂ հարցը, որպես սուբյեկտ, ով ուղղակի անմիջական պատասխանատվություն ու բեռ է կրում բանակցությունների համար: Երրորդ` Հայաստանի նախագահի ներգրավվածությունը շատ ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում Հայաստանի պատասխանատվությունը ԼՂՀ-ի նկատմամբ, քանի որ մենք ամբողջ Հայաստանի ներուժը` և’ դիվանագիտական, և’ տնտեսական, և’ պաշտպանական, ծառայեցնում ենք այս հարցի կարգավորմանը»:

Վահան Փափազյանն արդարացված է համարում Երևանի նախկին դիրքորոշումը. հայկական կողմը պատրաստ է ընդունել խաղաղության որևէ տարբերակ, որը կընդունի ԼՂ-ը: «Այսօր էլ ճիշտ մոտեցում կլիներ, քան այն, ինչ ասվում է, որովհետև երբ իշխանությունները հայտարարում են, որ ԼՂ-ն այլևս չի լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է, որ բանակցություններն անիմաստ են: Ինչպես Բաքվի դեպքում, երբ Ալիևը հայտարարում է, որ ԼՂ-ն երբեք չի լինի Ադրբեջանի կազմից դուրս: Հայաստանի այն ժամանակվա ձևակերպումը` Երևանը պատրաստ է ընդունել խաղաղության որևէ տարբերակ, որը կընդունի ԼՂ-ը, դիվանագիտության և միջազգային իրավունքի տեսանկյունից ավելի ընկալելի և  տրամաբանական էր: Նախ` բանակցությունների տեղ էր թողնում, դա նշանակում էր, որ մենք բանակցելիք ունենք, երկրորդ` երբ խոսում ենք ժողովուրդների ինքնորոշման իրավունքից, ապա պարզ չէ՞, որ խոսքը վերաբերում է ԼՂ ժողովրդի ինքնորոշմանը»:

Փափազյանը համոզված է` եթե կարգավիճակի հարցը չթողնվի ապագային, ապա խնդիրը չի լուծվի, որովհետև Երևանի և Ստեփանակերտի համար անընդունելի է ԼՂ ինքնավարությունն Ադրբեջանի կազմում, իսկ Բաքվի համար` անընդունելի է ԼՂ անկախությունը կամ միավորումը Հայաստանի հետ: «Այսօրվա առաջարկը, որի մեխն իբր հանրաքվեի գաղափարն է, նշանակում է, որ այնուամենայնիվ, մենք տեսականորեն չգիտենք, թե այդ հանրաքվեի արդյունքն ինչ է լինելու, ուրեմն` կրկին կարգավիճակը մնում է հետագային: Իշխանությունները դեմքերը փրկելու ձև են գտել. եթե Ադրբեջանն ընդունի հանրաքվեի գաղափարը, ուրեմն ընդունում է, որ ԼՂ-ն իրավունք ունի ինքնորոշվելու: Բայց մենք չգիտենք` այդ հանրաքվեն տեղի կունենա, թե` ոչ, երկրորդ` մենք չգիտենք, եթե տեղի ունենա, ապա ինչ պայմաններում, երրորդ, մենք չգիտենք ինչ տարածքում, չորրորդ` մենք չգիտենք` ժողովրդագրական ինչ իրավիճակ կլինի»:

Փուլային տարբերակը, որտեղ կարգավիճակի հարցը հետագա բանակցությունների առարկան էր դառնալու, տրամաբանական էր, կարծում է Փափազյանը: «Ասվում էր հետևյալը. մնացյալ հարցերը լուծվել են` զբաղեցրած տարածքներ, փախստականներ, անվտանգություն, ամենագլխավորը` խաղաղապահ ուժեր, այսինքն` կարելի էր վստահ լինել, որ պատերազմը չի վերսկսվելու, սա շատ էական է: Դրանից հետո պիտի շարունակվեին բանակցությունները Ստեփանակերտի և Բաքվի միջև ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ, այսինքն` Ադրբեջանն ընդունում էր, որ ինքը պետք է ԼՂ հետ բանակցի նրա ապագա կարգավիճակի վերաբերյալ, իսկ այսօր չի ընդունում»:

Հ. Գ.  1992-1994թթ. բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ: Եվ ԵԱՀԿ-ի ու նրա հովանու ներքո գործող Մինսկի խմբի, և Ռուսաստանի խաղաղարար ջանքերն այդ տարիներին առաջին հերթին ուղղված էին կրակի դադարեցմանը, ինչը հաջողվեց 1994-ի մայիսին` գերազանցապես Մոսկվայի միջնորդությամբ: Սկզբնական շրջանում ԼՂ-ն մերժում էր բանակցություններին մասնակցելուց, քանի որ նախ չէր հստակեցվում նրա կարգավիճակը, երկրորդ` «ղարաբաղյան կողմ» անվան տակ միջազգային հանրությունն ու Ադրբեջանը համարում էին «ԼՂ-ի հայկական ու ադրբեջանական համայնքները»: Միայն Երևանի հորդորներից հետո Ստեփանակերտը ներգրավվեց բանակցություններում:

Մայիսյան հարդադարից հետո մինչև 1996թ. բանակցությունները, որոնք հիմնականում տեղի էին ունենում Մոսկվայում, եռակողմ էին` Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Այս բանակցությունների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ կարգավիճակի հարցը, այլ միայն` զինված հակամարտության հետևանքների վերացումը` տարածքների վերադարձ, ապաշրջափակումներ, փախստականների վերադարձ, անվտանգության երաշխիքեր, միջազգային խաղաղապահներ:

Բանակցությունների սեղանի շուրջ վիճում էին մի կողմից Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, մյուս կողմից` Ադրբեջանը: Երբեմն միմյանց միջև վիճում էին միջնորդ կազմակերպություններն ու պետությունները: 1996-ի դեկտեմբերին` ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովում, Ռուսաստանը և Արևմուտքը միասնական դիրքորոշում որդեգրեցին և պաշտպանեցին կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտի նախաձեռնությունը: ԼՂ կարգավորման հարցում ներկայացվեց երեք կետանոց մի փաստաթուղթ, որում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու նրա կազմում ԼՂ-ի բարձր ինքնավարությունը:

Տեր-Պետրոսյանը Լիսաբոնում օգտվեց վետոյի իրավունքից: 1997թ. գարնանը, երբ Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ` Հայաստան-Լեռնային Ղարաբաղ-Ադրբեջան ձևաչափով բանակցությունների վերջին փուլը, հայկական կողմը լքեց բանակցությունները, քանի որ Ադրբեջանը պնդեց կարգավորման հիմք ընդունել 1996-ի Լիսաբոնյան երեք սկզբունքները: Այսպես, 1997-ի գարնանից առ այսօր եռակողմ ձևաչափով բանակցություն տեղի չի ունեցել, ղարաբաղյան կողմի մասնակցությունը բանակցություններին դադարեցվել է:

Հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև․ Արցախյան օրագիր» գրքից

Լուսանկարում՝ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը Քի Վեսթում, 2001թ․