12 փետրվար, 2019 13:06

Պարգևավճարներ ստացած մարդիկ տարիուկես առաջ ծրարով փող են ստացել․ Նիկոլ Փաշինյան

«Ես չեմ կարող այս կարգավիճակում խոսել այնպես, ինչպես առաջ էր։ Դա չի նշանակում, որ ես ծախվեցի ինչ-որ մութ ուժերի, պարզապես իմ կարգավիճակը, պատասխանատվությունը և հարաբերությունը փոխվել են։ Եվ այսօր յուրաքանչյուր պետական պաշտոնյա, որ ակտիվիստից դարձել է պետական պաշտոնյա, պետք է գիտակցի սա, եթե չգիտակցի՝ սա  լուրջ խնդիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստին։

Վարչապետն անդրադարձավ պետական պաշտոնյաների նախկինում և ներկայում դրսևորվող վարքագծին։

«Մարդ  կա, մտածում էր իր գործունեության ոլորտը Ֆեյսբուքի էջն էր, և հիմա էլ է դա, և  պետք է ֆեյսբուքի էջում սուր ստատուսներ գրելով գնա ստուգի որևէ կազմակերպություն՝ առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է այդ նույն ստուգումների արդյունքում  դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ։ Այսինքն, փաստորեն, դուք, մինչև ստուգելը արդեն որոշել, հրապարակել եք՝ ով պետք է նստի, ով՝ ազատության մեջ մնա և այլն։ Սա այսպես չի կարող շարունակվել»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի պնդմամբ՝ այս խնդրի լուծման բանալին պետական ծառայության ստանդարտների բարձրացման մեջ է, որը, առանց պետական պաշտոնյաների և պետական ապարատի վարձատրության բարձրացման, անհնար է։

Վարչապետը փաստեց, որ արդեն կա մի քանի դեպք, որ կառավարության աշխատակազմից մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու։

«Ինչո՞ւ։ Որովհետև մենք այսօր խոսում ենք պարգևավճարների մասին, բայց մոռանում մի հանգամանք, որ այդ պարգևավճարները հրապարակային ստացած մարդիկ, տարիուկես առաջ ծրարով փող են ստացել, ազատ են եղել բիզնես գործունեությունը պաշտոնի հետ համատեղել։ Իսկ այսօր այդ ամենը չկա։ Եվ այդ մարդը ասում է՝ ինչո՞ւ 150,000 դրամ աշխատավարձով մնամ այստեղ, եթե  մասնավորից ինձ 800,000-ով աշխատանք են առաջարկում»,- պարզաբանեց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հարցադրում նաև արեց՝ փոխվե՞լ է արդյոք պետական պաշտոնյայի վարքագիծը վերջին տասը ամիսների ընթացքում, և պատասխանեց․

«Այս հարցին անդրադառնալիս պետք է նախ արձանագրել, որ պետական պաշտոնեությունը այսօր միատարր չէ կամ ավելի ճիշտ առավել բազմազան է, քան երբևէ։ Այսօր պետական պաշտոնյա է և՛ քաղաքական ակտիվիստը, որ երկու կամ տասը տարի առաջ պայքարում էր իշխող կլանի դեմ, և՛ չինովնիկը, ոստիկանը, դատախազը, որ հալածում էր իշխանության դեմ պայքարող այդ նույն ակտիվիստին»:

Սաթենիկ Հակոբյան