12 փետրվար, 2019 17:59

Փոխատեղումներ և ձուլումներ․ ներկայացվեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը  

E-draft.am կայքում արդարադատության նախարարությունը պաշտոնապես հանրային քննարկման է ներկայացրել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը։

Փաթեթով առաջարկվում է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման նպատակով կրճատել պետական կառավարման համակարգի մարմինների թիվը։

- Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունները միանում է կրթության և գիտության նախարարությանը՝ այն վերանվանելով կրթության, գիտության և մշակույթի նախարարության։

- Գյուղատնտեսության նախարարությունը միանում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը։ Այն կկոչվի Էկոնոմիկայի նախարարություն։

- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը կանցնի տարածքային կառավարման և զարգացման նախարարության կազմ։ Գերատեսչությունը կկոչվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որին փոխանցվում են նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից իրականացվող տրանսպորտի ոլորտին առնչվող բոլոր լիազորությունները և գործառույթները: Օրենքի ընդունումից հետո Կառավարության որոշմամբ այս նախարարության ենթակայությանը կհանձնվեն Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն, որոնք իրենց կազմում կունենան միայն մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և չեն ունենա աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար։

- Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն՝ կրճատելով նախարարության բոլոր լիազորությունները և գործառույթները, որոնք առնչվում են տրանսպորտի (այդ թվում՝ ճանապարհների) ոլորտին։ Այս նախարարությանը կավելանան թվայնացման գործընթացների և ռազմարդյունաբերության հետ կապված լիազորություններ, քանի որ օրենքի ընունումից հետո ռազմարդյունաբերական կոմիտեն կդրվի  նրա ենթակայության տակ:

- Սփյուռքի նախարարությունը կմիավորվի վարչապետի աշխատակազմին, կստեղծվի Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտ:

- Կվերանա առաջին փոխվարչապետի պաշտոնը։

Օրենքն ուժի մեջ կմտնի այն ընդունելուց և պաշտոնական տեղեկագրում հրապարակվելուց հետո տասներորդ օրը, իսկ սփյուռքի գլխավոր հանձնակատարի ինստիտուտը կձևավորվի երկամսյա ժամկետում։

Գևորգ Թոսունյան