13 փետրվար, 2019 13:51

Երկրապահը Հայկական բանակն է, մեզ «Երկրապահ» պետք չէ

«Երկրապահ»-ը չակերտներով կամ առանց, իր պատվավոր տեղն ունի Արցախյան ազատագրական պայքարում և հայոց պատմության մեջ։

Երկրապահ էին բոլոր այն տղաները, որոնք Գյումրիում և Կապանում, Իջևանում և Հրազդանում, թողնում էին իրենց ընտանիքներն ու մայրերին, կանանց ու աղջիկներին և նետվում պատերազմի դաշտ։ Նրանց տունդարձը 50/50 էր։

Մեծ հաշվով, հենց նրանք ու Արցախի հողին կպած հայ մարդիկ կռեցին ազատամարտը։ Երկրապահը ժամանակի ծնունդն էր՝ ճիշտ ժամանակի։

Հետո, երբ սկսվեց «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ժամանակաշրջանը, «Երկրապահ»-ը Հայաստանի ներքաղաքական կյանքում սկսեց բացասական դեր կատարել։ Փաստացի ռազմաքաղաքական այդ կառույցը չէր էլ կարող դրական դեր կատարել, քանի որ այն, ճիշտ է, ստեղծվել է կյանքի թելադրանով, բայց բոլորովին այլ խնդիրներ լուծելու համար։

Հայկական բանակը գուցե, հավանաբար, ամենայն հավանականությամբ ունի անհատ երկրապահների կարիքը, բայց որպես կազմակերպություն «Երկրապահ»-ը իրեն սպառել է ավելի քան 25 տարի առաջ։

1995-ից սկսած «Երկրապահ»-ը այս կամ այն կերպ մասնակցել է Հայաստանի ներքաղաքական կյանքին։ 90-ականների կեսերին Հայաստանի խորհրդարանում անգամ «Երկրապահ» անունով խմբակցություն կար։

Ռազմաքաղաքական այդ կառույցն էր նաև, որ տխուր դեր էր կատարում Հայաստանի համապետական ընտրություններում։ Քանի դեռ կար Վազգեն Սարգսյանը, «Երկրապահ»-ը ամբողջությամբ իշխանությունների կողքին էր։

«Երկրապահ»-ի առաջնորդ Վազգեն Սարգսյանն ու իշխանության արցախյան թևը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ պալատական հեղաշրջմամբ հեռացրին Լևոն Տեր-Պետրոսյանին։

Հակասական և վտանգավոր էր «Երկրապահ»-ի դերը Հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված ներքաղաքական ծայրահեղ լարված իրավիճակում։

Հակասական ու վտանգավոր էր Մարտի 1-ին նախորդող դեպքերի ժամանակ, երբ այդ կառույցների անդամներից մի քանիսը Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ փորձեցին աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ վերջինս Ազատության հրապարակում «Մանվե՛լ, Մանվե՛լ» էր գոչում։

«Իմ քայլը» դաշինքի առանցքային անդամներից Սասուն Միքայելյանը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա որոշակի ազդեցություն ունեցող գործիչներից է, հավակնում է դառնալ «Երկրապահ»-ի առանջորդ։

Սասուն Միքայելյանի ինչի՞ն է պետք «Երկրապահ»-ը։

Հայաստանի ինչի՞ն է պետք «Երկրապահ»-ը։

Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր մտածում են, որ Ադրբեջանի հարձակման դեպքում «Երկրապահ»-ը, որպես ռազմաքաղաքական առանձին միավոր, կարող է օգտակար լինել։ Որպես անհատներ Սասուն Միքայելյանն ու բազմաթիվ երկրապահներ, չնայած առաջացած տարիքին, անկասկած, օգտակար կլինեն։ Կասկած չկա, որ առաջին իսկ վտանգի դեպքում Սասուն Միքայելյանը կլինի իր ճիշտ տեղում։ Բայց ոչ որպես կառույց։

Իշխանական կուսակցության՝  «Իմ քայլը» դաշինքի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի լռության պայմաններում, որ ավելի շատ նման է հավանության, Սասուն Միքայելյանի ցանկությունը՝ դառնալ «Երկրապահ»-ի առաջնորդ, միայն մտահոգությունների տեղիք է տալիս։

Պարզ չէ՞, որ առաջին իսկ համապետական ընտրությունների ժամանակ, եթե կարիք լինի, իսկ կարիք հավանաբար կլինի, «Երկրապահ»-ի ներկայությունն օգտագործվելու է իշխանությունների համար, ինչպես եղել է նախկինում, երբեմն՝ բռի կերպով։

«Երկրապահ»-ը քաղաքականությունից հեռացնելու ավելի լավ ժամանակ, քան այսօր է՝ Թավշյա հեղափոխությունից հետո, դժվար թե լինի։ Հետևաբար, անհասկանալի և մտահոգիչ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխանական «Իմ քայլը» դաշինքի՝ «Երկրապահ»-ին իրենց տակ պահելու անթաքույց ցանկությունը։

«Երկրապահ» նշանակում է զենք ու զինված մարդ Երևանում և ամբողջ Հայաստանում, այսինքն՝ վտանգ ու սպառնալիք իրավական պետության կերտման և օրինականության հաստատման ճանապարհին։

Երկրապահը Հայկական բանակն է, մեզ «Երկրապահ» պետք չէ։

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: