14 փետրվար, 2019 14:06

Ժողովրդագրության անվտանգությունը կառավարության ծրագրում չներառելը մեծ բացթողում է․ ԼՀԿ պատգամավոր

Ժողովրդագրության անվտանգությունը կառավարության ծրագրում չներառելը մեծ բացթողում է․ այսպիսի հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը Ազգային ժողովի փետրվարի 14-ի նիստին կառավարության ծրագրի քննարկմանը։

Սիմոնյանի խոսքով՝ կարևորագույն հիմնախնդրին անդրադարձ է եղել ընդամենը մի քանի նախադասության սահմաններում․ «Նշված է, որ կա ժողովրդագրական բացասական միտում, որը ձևավորվել է վերջին տարիների ընթացքում, սակայն կառավարության ծրագրից պարզ չէ՝ արդյոք կառավարությունը գտնում է, որ տվյալ ոլորտում առկա՞ են սպառնալիքներ և վտանգներ, և եթե այո, ի՞նչ ծրագրեր են նախատեսվում դրանց դեմ»։

Պատգամավորը ներկայացրեց նաև որոշ վիճակագրություն․

«Միակ ծրագիրը, որ անդրադարձել է ՀՀ դեմոգրաֆիական անվտանգությանը 2007թ․ ընդունված Ազգային անվտանգության ռազմավարությունն է, որը բարոյապես մաշվել է վերջին 12 տարիների ընթացքում։ Այնտեղ նշված որոշակի միտումներ, որոնք բացասական էին, այժմ դարձել են վտանգներ, վտանգները դարձել են սպառնալիքներ։

2010-ին հանրապետության բնակչության թիվը ՄԱԿ-ի կանխատեսմամբ, որը սկեպտիկ էր համարվում այն ժամանակ, 2020թ․ պետք է լիներ 3,050,000, այսօր այս թիվը 2,972,000 է։ Խոսքը մշտական բնակչության մասին է։ Արդյունքն այն է, որ մեր առջև ժողովրդագրական անվտանգությունը արդեն գոյության խնդիր է»։

Կարեն Սիմոնյանն ասում է, որ անհրաժեշտ է համակարգային մոտեցում՝ ծրագրեր, որոնք կխթանեն ծնելիությունը, ներգաղթածների համար կհեշտացնեն ինտեգրումը, հայրենդարձության մասին օրենք կլինի։ Նա կոչ արեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանին կառավարության ծրագրում առնվազն ներառել ժողովրդագրության ռազմավարության ստեղծում։

***

«Իմ քայլը» դաշինքը 2018-ի խորհրդարանական ընտրությունների իր նախընտրական ծրագրում կարևորել էր ծնելիության մակարդակը բարձրացնելու համար երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու նախագծերի մշակումը։ Ծրագրում նշվում էր՝ առաջիկա քսան տարիներին Հայաստանի բնակչության թիվը պետք է կրկնապատկվի, ու որպես այս խնդրի լուծման կարևորագույն միջոց դիտարկվում էր երկրից տեսանելի արտագաղթի դադարեցումը, հայրենադարձության հարաճուն գործընթացը, ծնելիության աճը։ «Իմ քայլը» դաշինքը նախընտրական ծրագրով մտադիր է մշակել հայրենադարձության կազմակերպման ծրագրեր, որ միտված են լինելու վերջին տասնամյակներին Հայաստանից արտագաղթած քաղաքացիների բարեհաջող վերահաստատմանը Հայաստանում։

Սաթենիկ Հակոբյան

Կարդացե՛ք նաև՝

Ժողովրդագրություն․ ինչ են խոստանում նախընտրական ծրագրերը