14 փետրվար, 2019 13:01

Մանվել Գրիգորյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, մեղադրանքը՝ լրացվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, «ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է․ հաղորդում է Հատուկ քննչական ծառայությունը։ Հաղորդագրությունից հատվածներ՝ ստորև։

«Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված բազմաթիվ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նախկինում բացահայտված հանցագործություններից բացի հայտնաբերվել են նաև Մ. Գրիգորյանի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, առանձնապես խոշոր չափերով հարկերի չվճարումը կազմակերպելու, պետական միջոցները վատնելու և առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը կազմակերպելու դեպքեր։

Մանվել Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին,  38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով»:

«Ըստ մեղադրանքի` Մանվել Գրիգորյանը կնոջ, որդու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում` Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան 46 տանը, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի 28 և 30 հասցեներում տեղակայված ամառանոցային համալիրում /«Հանգստյան տուն 28»/, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԱՐԱ ԼԵՌ» կոչվող տարածքում գտնվող առանձնատանը ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր»։ 

Ընդհանուր առմամբ, ըստ ՀՔԾ-ի, Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101 մլն դրամի գույք յուրացնելու, 1.2 մլրդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1,2 մլրդ ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նշվում է, որ Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննությունն ավարտվել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Առավել մանրամասն՝ Հատուկ քննչական ծառայության կայքում։

***

Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանին։ Նրան մեղադրանք առաջադրվեց երկու հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության և զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման համար։ Գրիգորյանը դատարանի որոշմամբ կալանավորված է։

Հոկտեմբերի 26-ին Սիվիլնեթը գրեց, որ Մանվել Գրիգորյանը իր փաստաբանի միջոցով ցանկություն էր հայտնել Ակնալճի իրեն պատկանող ավելի քան 330 հեկտար տարածքը նվիրաբերել պետությանը։ Տարածքը գնահատվում է ավելի քան 10,5 միլիոն դոլար։ Ավելի ուշ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ իրավապահները պարզում են, թե Գրիգորյանն ինչպես է ձեռք բերել նշված տարածքը ու արդյոք օրինական է ընթացել ձեռքբերման գործընթացը։

Հունվարի 24-ին պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի Ակնալճի առանձնատունն ու տարածքը պետությանը նվիրաբերելու գործընթացը կասեցված է։