15 փետրվար, 2019 12:18

Ո՞վ է «գրանտակեր»՝ ԵՊՀ-ն, թե՞ Ռեստարտը․ բանավեճ Ֆեյսբուքում

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը մեղադրել է Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու մեջ։

Իր ֆեյսբուքյան էջում Ափոյանը գրառում է արել այն մասին, որ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամից 20,000 դոլարի դրամաշնորհ է ստացել։ «Ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց անողներ»։

«Ռեստարտ»-ի անդամներն արձագանքել են այս հայտարարությանը։ Նախաձեռնության անդամ Գարիկ Միսկարյանը պարզաբանել է, որ «Բաց հասարակության հիմնադրամներ»-ին գումարի համար դիմել էին դեռ վեց ամիս առաջ, ոչ թե «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության, այլ նորաստեղծ «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամի համար, որը «Ռեստարտ»-ի մի ստորաբաժանում է միայն։

«Ծրագրի նպատակն է  հասկանալ բուհերի կառավարման խնդիրները և քննարկումներ ծավալել ոլորտում կայացած, փորձառու մասնագետների հետ։ Բոլորս խոսում ենք, որ ֆինանսները լավ չեն տնօրինվում, կառավարման համակարգում կան խնդիրներ։ Իսկ ովքե՞ր են մասնագիտական, կոմպետենտ եզրակացություններ և գնահատականներ տալու առաջ քաշված խնդիրներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Միսկարյանը։

Նախաձեռնության մեկ այլ անդամ ԵՊՀ ուսխորհրդի նախագահիի գրառման մեկնաբանությունում նշել է․

«Մեր հիմնադրամը «Ռեստարտ» նախաձեռնության ճյուղերից ընդամենը մեկն է, որի նպատակն է դրամական միջոցներով խրախուսել ուսանողների կողմից արվող գիտական աշխատանքները և այդ ուսանողների վարձի զեղչերով զբաղվել: Հիմնադրամը, երբ սկսի գործել, ֆինանսական հաշվետվությունը բաց է լինելու, և ձեզանից յուրաքանչյուրը կարող է իմանալ թե երբ, որտեղ, ինչքան գումար է ծախսվել: Եթե կարող ես հակառակը ապացուցել, խնդրեմ, եթե չես կարող, ապա էս դեպքում բարոյապես ճիշտ կլինի անձնական վիրավորանքների համար ներողություն խնդրել»։

Ուսանողները Ֆեյսբուքում տարածում են նաև ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի 2017-ին գրած հոդվածը, որտեղ նշվում է, որ Երևանի պետական համալսարանը նույն տարում Սորոսի հիմնադրամից 1 մլն դոլարի դրամաշնորհ է ստացել։ Հակոբյանը այդ հոդվածը գրել էր ի պատասխան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նույնաբովանդակ մեղադրանքի, որ իր դեմ պայքարող երիտասարդները «սորոսականներ» են։

«Ռեստարտ»-ի անդամները նշում են, որ եթե Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալը որևէ վտանգ է ներկայացնում, ապա պետք է նաև ամենաքիչը շոշափվի ԵՊՀ-ի անունը։

«Կցանկանամ մեջբերել նաև պարոն Ափոյանի ոչ վաղ անցյալում ասված խոսքերը. «Շատ լավ ա, որ ԵՊՀ֊ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սերժ Սարգսյանն ա, նա միայն օգնում ա ԵՊՀ֊ին»,- գրել է Գարիկ Միսկարյանը։

Միսկարյանը հավելում է, որ Սերժ Սարգսյանի կառավարությունը միջազգային կառույցներից վերցրել է 700 միլիոն դոլարի գրանտ, սակայն ուսխորհրդի որևէ անդամ երբևիցե սրա մասին չի խոսել․

«Չի՛ ասել` պարոն Ազատիչ, ի՞նչու եք Դուք գրանտակեր, չէ՞ որ դա հակաազգային քայլ է։

Եթե այս ամենը մեզ մեղադրողների կողմից չի խոսվել, ուրեմն Ռեստարտի նկատմամբ մանիպուլիացոն արշավի փորձ է արվում»,- գրել է Գարիկ Միսկարյանը։

Կարդացե՛ք նաև՝

ԵՊՀ-ն Սորոսից ավելի քան 1 միլիոն դոլար է ստացել

Սաթենիկ Հակոբյան

Լուսանկարում՝ «Ռեստարտ» նախաձեռնության հիմնադիրներից Դավիթ Պետրոսյանը (ձախից) և ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։