16 փետրվար, 2019 21:14

Ըստ էության՝ ես ընդհատակում եմ․ Նիկոլ Փաշինյան

«Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետև ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է, որտեղ մարդկանց հետ չես շփվում, այսինքն՝ ապրում եմ կառավարական առանձնատանը, որն ընդհատակ է»,- ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր իր «Երկրի հակառակ կողմը» վերնագրված գրքի շնորհանդեսին։

Փաշինյանի գիրքը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո նրա պատմությունների շարքն է, որ գրել է ընդհատակում։

«Ես հիմա մարդկանց հետ մեծամասամբ նույն ձևերով եմ շփվում, ինչ ընդհատակում գտնվելիս՝ կրկին ինչ-որ գրավոր տեքստեր, ելույթներ: Հետո այն զրահապատ մեքենան, որով գնում-գալիս եմ շրջապատված, ընդհատա՞կ է, թե՞ ընդհատակ չէ: Եվ վարչապետի աշխատասենյակը, որտեղ հնարավոր չէ նույնիսկ պատուհանը բացել և մաքուր օդ շնչել: Այսինքն՝ կրկին այդ ամենը կրկնվում է, և սա մի շրջապտույտ է, որը չգիտեմ, թե ինչքան պետք է շարունակվի»,- ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի հիմնական ուղերձն այն է, որ անհատական ջանքը, մի մարդու գործողությունը գլոբալ ազդեցություն ունի ամեն ինչի վրա. 

«Այս գրքի լեյտմոտիվներից կարևորագույնը դա է՝ ցույց տալ անհատի անցած ճանապարհի գործողությունների ազղդեցությունը գլոբալ աշխարհի վրա: Ինձ համար ակնհայտ է, որ եթե այս գիրքը չգրվեր, և 2017 թ. վերջ-2018 թ. սկզբին չկարդայի, չգիտեմ՝ էլի նույն գործողությունները կանեի՞, թե՞ չէի անի: 2016 թ. ես իմ ֆեյսբուքյան էջում հայտարարեցի հայ գրականության ընթերցման տարի, որի պատճառն այն էր, որ ես զգացի՝ սովորական ինֆորմացիոն հոսքերը մեր իրականությանը պատասխաններ չեն տալիս: Եվ քանի որ ունեմ այն կանխավարկածը, որ գրականության մեջ բոլոր հարցերի պատասխանները կան, սկսեցի կարդալ մեր ժամանակակից գրողներին, որպեսզի գտնեմ այդ հարցերի պատասխանները: Իհարկե, չհասցրեցի այն ամբողջ ծավալով, կուզենայի ընթերցել բոլորին, բայց, իմ կարծիքով, դա մեր հետագա իրադարձությունների համար նույնպես շատ կարևոր դեր ունեցավ, երբ ես, իմ և իմ քաղաքական գործունեության ճգնաժամը զգալով, հասկացա, որ ճգնաժամից դուրս գալու համար պետք է դիմել գրականությանը: Այն ժամանակ իմ մտքով չէր անցնում, որ հնարավոր է նաև այս գիրքը, այս գրվածքը այդպիսի դերակատարում ունենա: Բայց արդյունքում սա այդպիսի գրականության կամ տեքստի հետևողական ընկալման այդ ճանապարհն է, երբ դու հատկապես գրականության, գրական տեքստերի մեջ փորձում ես գտնել լուծումներ»: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա խնդիրների լուծումները մեր ժամանակակից գրողների տեքստերի մեջ կան և կոչ արել ավելի շատ կարդալ արդի հայ գրողներին: «Մեր ժամանակակից գրողների այն գրքերը, որ կարդացել եմ, ավելի են խորացրել համոզմունքս. մենք այսօր ունենք տաղանդավոր հրաշալի գրողներ և վերջին 10 տարում Հայաստանում մեր գրականությունը մեծ վերածնունդ է ապրում, որ մենք դեռ չենք գիտակցում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ այժմ աշխատում է իր բանտային օրագրի լույսընծայման վրա՝ օրական 10-20 րոպե հատկացնելով այդ գործին:

Սաթենիկ Հակոբյան