22 փետրվար, 2019 14:08

Օսման Քավալային Գեզիի ցույցերի գործով ցմահ ազատազրկում է սպառնում

2013թ․ Ստամբուլի Գեզի այգու շուրջ ծագած ցույցերի գործով նախաքննությունն ավարտվել է։ Գործով անցնող 16 անձանց, այդ թվում՝ «Անադոլու կուլտուրի» նախագահ Օսման Քավալային, սպառնում է ցմահ ազատազրկում՝ «Թուրքիայի Հանրապետության կառավարությունը տապալելու փորձի» մեղադրանքով։ Մեղադրական եզրակացությունում Գեզիի ցույցերը բնութագրվում են որպես «ապստամբություն»։ Գործով հայցվորների թվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Մեղադրականում նշվում է, որ կասկածյալները «սկսել են ուղղորդել» Գեզիի ընդվզումը դեռ 2011-ից՝ «ապահովելով ֆինանսներ և համակարգում»։ Նշվում է, որ կասկածյալները առաջնորդել են իրադարձությունները, հետևաբար պատասխանատվության են կանչվել երկրով մեկ բռնկված «բռնության» դեպքերի համար։

Հայցվորների թիվը 746 է, նրանց թվում են այն ժամանակվա կառավարության անդամները, նախագահ Էրդողանը։
Գործով անցնող երկու անձ՝ Յըղըթ Աքսաքօղլուն և Օսման Քավալան, ներկայում կալանքի տակ են։ 657-էջանոց մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 30-րդ դատարան։ Եթե այն ընդունվի, կասկածյալները դատարանի առաջ կկանգնեն առաջիկա օրերին։

Գործով անցնող 16 անձինք են․

  • Օսման Քավալա
  • Ալի Հաքան Ալթընայ
  • Այշե Մյուջելլա Յափըջը
  • Այշե Փընար Ալաբորա
  • Ջան Դյունդար
  • Չիղդեմ Մաթեր Ութքու
  • Գյոքչե Յըլմազ
  • Հանդան Մելթեմ Արըքան
  • Հանզադե Հիքմեթ Գերմիյանօղլու  
  • Ինանչ Էքմեքջի   
  • Մեմեթ Ալի Ալաբորա
  • Մինե Օզերդեն
  • Շերաֆեթթին Ջան Աթալայ
  • Թայֆուն Քահրաման
  • Յըղըթ Աքսաքօղլու
  • Յըղըթ Ալի Էքմեքչի

Փաստաբան Ջան Աթալայը Evrensel-ի հետ զրույցում մեկնաբանելով գործը՝ ասել է, որ Գեզիի ընդվզման ժամանակ միլիոնավոր մարդիկ իրացրել են իրենց սահմանադրական իրավունքները։ «Գեզին ապագայի հույս էր այս երկրում։ Այն չի կարող ստվերվել ցնցող մեղադրանքներով»,- ասել է նա։

ԵՄ-ն դատապարտել է

Մեղադրանքների վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրամիությունը․ ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Մայա Կոչիյանչիչի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ Օսման Քավալայի և գործով անցնող ևս 15 անձանց դեմ մեղադրանքները հարցեր են առաջացնում Թուրքիայի դատական համակարգի՝ միջազգային և եվրոպական չափորոշիչներին համապատասխանության առնչությամբ։

Ցմահ ազատազրկման ենթարկելու համար 2013-ի Գեզիի զբոսայգու ցույցերն օգտագործելը չունի հիմք, ստեղծում է վախի մթնոլորտ և հետ է պահում մարդկանց խաղաղ հավաքների իրականացումից, նշում է ԵՄ-ն։

«Որպես Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից և Եվրոպայի խորհրդի անդամ՝ Թուրքիան հանձնառու է հարգելու անմեղության կանխավարկածի սկզբունքը և ապահովելու մինչդատական կալանքի պատշաճ կիրառումը։ 

Լրագրողների, խորհրդարանի անդամների, իրավապաշտպանների ու գիտնականների կալանավորումն առանց մեղադրանքի՝ վերջիններիս կողմից ինքնաարտահայտման անձնական և մասնագիտական իրավունքների իրացման համար, հակասում է Թուրքիայի ստանձնած պարտավորություններին»,- ասված է խոսնակի հայտարարությունում։

Amnesty International-ի հայտարարությունը

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը․ «Մեղադրանքները պետք է հանվեն, և Օսման Քավալան, որը կալանքի տակ է մոտ 16 ամիս, ինչպես նաև Յըղըթ Աքսաքօղլուն, որը բանտում է չորս ամիս, պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

«Աղաղակող այս մեղադրանքները պատմությունը վերաշարադրելու և Թուրքիայի քաղաքացիական հանրության ամենաերևելի դեմքերից ոմանց լռեցնելու փորձ է, նշում է Amnesty-ն։

Ստելլա Մեհրաբեկյան