26 փետրվար, 2019 18:10

Անհրաժեշտ է հստակություն մտցնել երկարաժամկետ առումով․ Փաշինյանը՝ Հայաստան-Իրան ծրագրերի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իրանական Pars Today լրատվական կայքին, որտեղ անդրադարձել է փետրվարի 27-ին Իրան մեկնարկող իր պաշտոնական այցին ։

Փաշինյանն ասել է՝ Հայաստանն ու Իրանը բազմաթիվ ընթացիկ նախագծեր ունեն, որոնց հետագա իրագործման վերաբերյալ անհրաժեշտ է հստակություն մտցնել երկարաժամկետ առումով. «Ակնհայտ է, որ մենք շատ մեծ պոտենցիալ ունենք էներգետիկ, զբոսաշրջության, տնտեսության այլ ոլորտներում մեր համագործակցությունն ընդլայնելու։ Հիմա մեծ հնարավորություններ են բացվում ԵՏՄ և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրով, որը բնականոն ընթացքով վավերացվում է, և Հայաստանում ևս վավերացման ընթացքի մեջ է,- ասել է Փաշինյանն ու ավելացրել։- այնպես չէ, որ խնդիրներ հարաբերություններում չկան, սակայն բոլոր խնդիրներին համատեղ պետք է լուծումներ գտնեն»։

Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում հանդիպում է ունենալու իրանցի գործարարների ներկայացուցչական պատվիրակության հետ։

«Իրանում ես եղել եմ երկու անգամ՝ առաջինը 2004-ին՝ որպես լրագրող, իսկ երկրորդը որպես պատգամավոր։ Եղել եմ Թեհրանում և Սպահանում, նախատեսված է, որ այս անգամ էլ եմ լինելու Սպահանում, Սպահանից շատ տպավորված եմ, անմոռանալի տպավորություններ ունեմ»,- ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Հայաստան-Իրան հարաբերությունները չեն կարող ուղղված լինել երրորդ երկրի դեմ և հակառակը։ Փաշինյանը շեշտում է՝ Իրանի հետ հարաբերությունները պետք է կառուցված լինեն այնպես, որ դրանք հնարավորինս զերծ լինեն երրորդ կողմի ազդեցությունից, ու հույս է հայտնել, որ Իրանը ևս այդպես է մոտենում երկկողմ հարաբերություններին։

Մկրտիչ Կարապետյան