26 փետրվար, 2019 13:00

Ինչ ասել է «Արցախի քաղաքացիություն»

Լրատվամիջոցները հաղորդում են, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին զրկել են Արցախի քաղաքացիությունից։

2006 թվականին ընդունված Սահմանադրությունը հստակեցնում է, թե ով է Արցախի քաղաքացին և ով կարող է ընտրվել Արցախի նախագահ։

Այսպես, հոդված 47-ն ասում է․  

Արցախի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Արցախի Հանրապետության քաղաքացի է:

Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Արցախի Հանրապետության քաղաքացի է, ունի Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Ազգությամբ հայերը Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:

Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Արցախի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հոդված 48-ն ասում է․

Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

Այս ամենը թղթի վրա է։

Իրականում, չկա և չի կարող լինել Արցախի քաղաքացիություն, քանի որ Արցախը չի կարող անձնագիր տրամադրել։

Արցախում բնակվող բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք կրում են ՀՀ անձնագրեր։

Արտասահման մեկնելու և այցագիր ստանալու համար Արցախում գրանցում ունեցող քաղաքացիները դիմում են ՀՀ-ում գտնվող դեսպանություններ։

Այսպիսով, Արցախի իշխանությունները Սամվել Բաբայանին կամ որևէ ՀՀ քաղաքացու, որը գրանցված է Արցախի տարածքում, չեն կարող զրկել քաղաքացիությունից, քանի որ չկա նման քաղաքացիություն։

Խոսքը գրանցման մասին է, և տվյալ դեպքում Արցախի իշխանությունները Սամվել Բաբայանին հանել են Արցախի գրանցումից։ Այլ խնդիր է՝ ինչքանով է դա արվել օրենքի տառին և ոգուն համապատասխան։

Հայաստան-Արցախ իրավական շփոթին պետք է վերջ դնել և փորձել լուծում գտնել առնվազն ներհայկական տիրույթում։

1998-ին Ռոբերտ Քոչարյանը, չունենալով 10 տարվա ՀՀ գրանցում, մասնակցեց նախագահական ընտրություններին, ընդ որում, որպես նախագահի թեկնածու։ Հայաստանի արդարադատությունը անօրինական ոչինչ չգտավ, իսկ Քոչարյանի մասնակցությունը օրինականացրեց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի և Արցախի միավորման որոշումով։

Երբ պետք է՝ Արցախը անկախ պետություն է, երբ ձեռնտու չէ որևէ մեկին, որ Արցախը անկախ է, 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշումը կա ու կա։

Եթե Արցախում գրանցում ունեցող մեկ անձը իրավունք է ստանում մասնակցել ՀՀ ընտրություններին, ապա նման իրավունք պետք է ունենան Արցախում գրանցում ունեցող ՀՀ մյուս բոլոր քաղաքացիները։

Երբ պետք է Ժիրայր Սեֆիլյանին, Իգոր Մուրադյանին և մյուսներին հայկական դրոշներով ծեծի ենթարկել Բերձորում և փակել նրանց մուտքը դեպի Ստեփանակերտ, ապա գործում են 1991 թվականի սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ հռչակման որոշումը և նույն տարվա դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները։

Եթե Սամվել Բաբայանը Արցախի Հանրապետության քաղաքացի է, ապա ինչպե՞ս է 2007-ին մասնակցել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։

Ի դեպ, 2007 թվականին Արցախում, իշխանությունների կողմից ցանկություն կար տպել անձնագիր՝ որպես ներքին օգտագործման փաստաթուղթ։ Անգամ որոշակի խմբաքանակ տպվեց և բաժանվեց իշխանական շրջանակներին։ Երբ Արցախի ընդդիմությունը աղմուկ բարձրացրեց, բաժանված անձնագրերը հավաքվեցին, իսկ թեման փակվեց։

Ի՞նչ իմաստ ունի տպել Արցախի անձնագիր։

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: