26 փետրվար, 2019 10:41

Իրանի ԱԳ նախարարը հրաժարական է տվել, նախագահականը հերքում է այն ընդունելու լուրը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել․ այս մասին նա տեղեկացրել է Ինստագրամի իր էջում։ Շնորհավորանք հղելով Իրանում Մայրերի օրվա կապակցությամբ՝ Զարիֆը իրանցի ժողովրդից ներողություն է խնդրել իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր թերացումների և այն բանի համար, որ այլևս չի կարող շարունակել ծառայությունը։

Իրանի ԱԳՆ փոխխոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին IRNA գործակալության հետ զրույցում հաստատել է այդ գրառման իսկությունը և հրաժարականի փաստը։

IRNA գործակալությունը նաև տեղեկացնում է, որ որոշ հրապարակումների համաձայն՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդունել է դիմումը, սակայն երկրի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հերքել է հրաժարականն ընդունելու փաստը։

Մոհամմադ Ջավադ Զարիֆը կիրակի օրը Թեհրանում ունեցած իր ելույթում քննադատել է Իրանի պահպանողականներին՝ ասելով․ «Մենք չենք կարող թաքնվել իմպերիալիզմի դավադրության հետևում, և մեղադրել նրանց մեր սեփական անկարողության համար։ Անկախություն չի նշանակում մեկուսացում աշխարհից»։ 

Վերլուծաբանները նշում են, որ Զարիֆի նկատմամբ մեծ քաղաքական ճնշում է գործադրվում միջուկային համաձայնագրի խափանման առնչությամբ։

2015թ․ ապրիլի 2-ին շվեյցարական Լոզան քաղաքում Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, երկարատև բանակցություններից հետո կարողացան շրջանակային համաձայնության հասնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Իրանական կողմից բանակցությունները վարել է ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։

Վաղը՝ փետրվարի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Իրան։