26 փետրվար, 2019 18:19

Հայաստանը կարող է օգտվել Իրանի և ԵՏՄ-ի միջև տարանցիկ երկրի բոլոր առավելություններից․ հայ-իրանական կենտրոնի հիմնադիր

Իրանը զգուշավորությամբ է հետևել հայաստանյան իրադարձություններին և նոր կառավարության դիրքորոշումներին իր, անգամ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրոպայի նկատմամբ․ ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է Հայաստանում գործող «Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Փույա Հոսսեյնին։ Նա նկատում է, որ այս ամիսների ընթացքում Իրանն ուշադիր հետևել է Հայաստանի նոր կառավարության քաղաքականությանը։ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցը Թեհրան, ըստ Հոսսեյնիի, կարոևր է այն առումով, որ տեղի է ունենում ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցներից և ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից հետո։

Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների և Հայաստան-Իրան հարաբերությունների վրա դրանց ազդեցության մասին, Հոսսեյնին մատնանշում է այդ պատժամիջոցների պատմությունն ուսումնասիրելու անհրաժեշտությունը․ «Տարիների ընթացքում գոյություն ունեցած այդ սահմանափակումների շրջանում Հայաստանն ու Իրանը մշտապես բարձր մակարդակի վրա են պահել հարաբերությունները՝ չնայած մարտահրավերներին»։

«Ջոն Բոլթոնի այցից հետո Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, որ Հայաստանը տեղի չի տալու ճնշմանը, մասամբ բավարարում են Թեհրանի ակնկալիքները, սակայն ապագայում կերևա, թե որքան իրատեսական ու գործնական է այդ մոտեցումը»,- նկատում է ՍիվիլՆեթի զրուցակիցը։ 

Ամերիկյան պատժամիջոցների համատեքստում Հոսսեյնին հորդորում է հաշվի առնել բանկային սահմանափակումները, որոնք կարող են ազդել ներդրումային ծրագրերի վրա, խոչընդոտել երկկողմ առևտուրը։

Ինչպե՞ս Իրանն ընդունեց Հայաստանի Թավշյա հեղափոխությունը։ Այս հարցին ի պատասխան ՍիվիլՆեթի զրուցակիցն ասում է, որ Իրանը, որի համար Հայաստանն ունի «աշխարհաքաղաքական կարևորություն», այստեղ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո զգուշավորություն ցուցաբերեց՝ իրադարձությունների «անակնկալ և անկանխատեսելի բնույթով պայմանավորված»։

«Իրանը մշտապես մտահոգված է հարևան երկրներում անկայունությամբ, քանի որ դա ուղղակիորեն ազդում է իր անվտանգության վրա»,- նշում է Հոսսեյնին և հավելում, որ Լեռնային Ղարաբաղում հնարավոր պատերազմի սանձազերծումն անմիջապես սպառնում է Իրանին, և վերջինս երբեք չի հանդուրժի նման իրավիճակ իր սահմանին։

Փետրվարի 12-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունները բաժանեց երեք մասի՝ քաղաքական հարաբերություններ, երկկողմ տնտեսական հարաբերություններ և Եվրասիական տնտեսական միության ու Իրանի հարաբերություններ։ Մատնանշելով Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետն ասաց, որ այդ մեխանիզմի գործարկումը էական փոփոխություն կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։

Ինչպե՞ս կարող է այդ համաձայնագիրը փոխել երկկողմ տնտեսական կապերը։

«Նկատի առնելով, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, ինչպես նաև փաստը, որ Հայաստանը Իրանի հետ սահմանին ազատ առևտրի գոտի է ստեղծել, Հայաստանի կառավարությունից ակնկալվում է շուտափույթ հետամուտ լինել անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանն ու երկու երկրների միջև լոգիստիկայի զարգացմանը՝ խթանելու նախորդ տարիներից մնացած ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու այլ հարցեր»,- ասում է Հոսսեյնին։

Նա նաև շեշտում է այն կարևոր միջանկյալ դերը, որը կարող են խաղալ հայ գործարարները ԵՏՄ-ի ու Իրանի միջև մի իրավիճակում, երբ իրանական մասնավոր սեկտորը ծանոթ չէ ԵՏՄ-ի շուկաներին։

«Հայաստանը կարող է օգնել լրացնել այս բացը։ Իրանական մասնավոր սեկտորի համար մեծ հետաքրքրություն կարող են ներկայացնել նաև հայ-իրանական համատեղ ձեռնարկությունները՝ դեպի ԵՏՄ արտահանման համատեքստում։

Ընդհանուր առմամբ, Հայաստանը կարող է ստանձնել տարանցիկ երկրի դեր Իրանի և ԵՏՄ-ի միջև և օգտվել դրա բոլոր առավելություններից»,- եզրափակում է Հոսսեյնին։

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը