27 փետրվար, 2019 11:01

«Իրանն ու Հայաստանը երբևէ չեն դնելու հարաբերությունները կարճաժամկետ ու անցողիկ շահերի զոհասեղանին»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ փետրվարի 27-ին, պաշտոնական այցով մեկնում է Իրան։ Այցի նախաշեմին հայ-իրանական հարաբերությունների մասին ՍիվիլՆեթը զրուցել է Կովկասի ուսումնասիրությունների ինստիտուտի (ccsi.ir) գլխավոր տնօրեն Մեհդի Հոսեյնիի հետ։

- Նիկոլ Փաշինյանի այցը Թեհրան վարչապետի պաշտոնն ստանձնելուց ի վեր առաջինն է հարևան երկիր։ Հայաստանում կարծիքներ են շրջանառվում, որ այցն ուշացած է՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների բարիդրացիական բնույթը։ Ի՞նչ են այս առումով կարծում Իրանում։

 - Իհարկե, ճիշտ է, որ քրիստոնեական տարեթվով արդեն իսկ մեկ տարի է անցնում պարոն Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց, բայցև, մեր՝ Իրանի արեգակնային տարեթվի համաձայն պարոն Փաշինյանը պաշտոնավարման է անցել նույն տարվա մեջ և այցելում է Իրան, այնպես որ այդ առումով այն ուշացած չի ընկալվում:

Իրականություն է նաև, որ վերջին ամիսներին և՛ պարոն Փաշինյանը, և՛ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը խիստ զբաղված են եղել և հավանաբար կողմերի համար հարմար առիթ չի առաջացել:

Ավելի կաևորն այն է, որ անցյալ սեպտեմբերին պարոնայք Փաշինյանն ու Ռոհանին ՄԱԿ-ի գագաթաժողովի նիստի շրջանակում լավ և արդյունավետ հանդիպում ունեցան, այնպես որ պարոն Փաշինյանի այցը երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումը չէ:

Հիշեցնեմ նաև, որ Փաշինյանը՝ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, 2017 թվականի աշնանը այցելել էր Իրան, ասել է թե՝ արդեն իսկ ծանոթություններ եղել են։

Այստեղ կաևորը երկու հարևան երկրների համագործակցելու կամքն է, որը, բարեբախտաբար, տարբեր շերտերում՝ հասարակությունից մինչև պետություն, առկա է, և դա այն մեծ ներուժն է, որն Աստծո կամքով պարոն Փաշինյանի այցի հովանու ներքո ավելի կմարմնավորվի:

 - Ինչպե՞ս Թավշյա հեղափոխությունն ընկալվեց Իրանում, կա՞ն արդյոք մտավախություններ կամ զգուշավորություն:

- Հայաստանում Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ ժողովրդի հովանավորությամբ և կուսակցական, քաղաքական և քաղաքացիական խաղաղ և անարյուն պայքարով, որի ընթացքում նախորդ և ներկա իշխանությունների մտավոր խավերը ապացուցեցին, որ կարևորում են հանրային կարծիքն ու ժողովրդի կամքը, և որ իրենց լեգիտիմությունը գալիս է ժողովրդից, ինչը դրական երևույթ է:

Մյուս կողմից, հեղափոխության ֆոնին առաջացող զարգացումները ցույց տվեցին, որ ՀՀ կայունության ու հայ ժողովրդի ազգային նպատակների պահպանումը անշրջելի սկզբունք է ՀՀ պետական այրերի համար, ինչը նախանձելի է, և Իրանի ժողովուրդը միշտ էլ հայության նկատմամբ զարգացման ու բարեկեցության ցանկությամբ է լցված:

- Ամերիկյան պատժամիջոցներից, ԱՄՆ նախագահ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցից հետո Վաշինգտոնի օրակարգը պարզ է՝ մեկուսացնել Իրանը։ Ի՞նչ է Թեհրանն ակնկալում Երևանից այս համատեքստում:

- ՀՀ կարևոր հատկություններից մեկը, ըստ իս, նրա դիվանագտական համակարգի կայացված լինելն է: Եվ, անտարակույս, ՀՀ դիվանագտական համակարգը լավագույնս տարբերակում է քանիհազարամյա բարեկամության պատմություն ունեցող դրացի երկրի արդար պահանջները անդրտարածաշրջանային մի գերուժի հրամաններից ու մերժումներից:

Իհարկե, բոլոր երկրները իրենց ինքնիշխանության շրջանակում ազատ են իրենց արտաքին քաղաքականության և դիվանագիտության ճշգրտման ու նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների մշակման գործում, սակայն Իրանն ու Հայաստանը փաստել են, որ ոչ միայն դրացի, այլև բարեկամ երկրներ են և երկուստեք երկարատև շահերի վրա հիմնված հարաբերություն են պահպանում, որը արմատվորված է դարերի խորքերից եկող ընդհանուր մշակույթի և պատմության վրա, և երբևէ նրանք այդ հարաբերությունները չեն դնելու կարճաժամկետ ու անցողիկ շահերի զոհասեղանին:

- Փետրվարի 12-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ Նիկոլ Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունները բաժանեց երեք մասի՝ քաղաքական հարաբերություններ, երկկողմ տնտեսական հարաբերություններ և Եվրասիական տնտեսական միության ու Իրանի հարաբերություններ: Մատնանշելով Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև կնքված ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիրը՝ վարչապետն ասաց, որ այդ մեխանիզմի գործարկումը էական փոփոխություն կմտցնի նաև հայ-իրանական տնտեսական հարաբերություններում։ Ինչպե՞ս կարող է այդ համաձայնագիրը փոխել երկկողմ տնտեսական կապերը:

- Ուսումնասիրելով Իրան-Ռուսաստան հարաբերությունները նկատում ենք, որ երկու երկրների պաշտոնական հարաբերությունների հենց սկզբնական շրջանից, այսինքն սրանից ավելի քան հինգ դար առաջ, Իրան-Ռուսաստան փոխշահավետ և զարգացող առևտրի գործում, որը շուտով միջազգային ծավալ ստացավ, հայ առևտրականները հիմնական միացնող օղակն էին և կարևոր դերակատարություն ունեցան այդ ասպարեզում:

Կարծում եմ՝ պարոն Փաշինյանի մոտեցումը երկկողմ ու նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև տնտեսական հարաբերություններին կարելի է նայել պատմական հաջող այդ փորձի դիտանկյունից, իհարկե արդիականացված ու ժամանակակից տարբերակով:

Չեմ կասկածում, որ պատմական հաջող փորձի կրկնությունն այսօր, ինչպես ասացի, արդիական ձևով նորանոր հաջողություններ է բերում:

Նկատի ունենալով երկկողմ դրական կամքն ու էներգիան և պարոն Փաշինյանի ու նրա երիտասարդ թիմի բարձր մոտիվացիան՝ ես լիահույս եմ Իրան-Հայաստան երկկողմ ու նաև բազմակողմ համագործակցության ձևավորման հարցում:

Զրուցեց Ստելլա Մեհրաբեկյանը