27 փետրվար, 2019 14:43

Հինգ քայլ՝ ինչպես սկսել տնտեսական հեղափոխությունը  

Արտակ ՔամալյանըԳյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, որը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, ՍիվիլՆեթի համար հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես պետք է սկսել տնտեսական հեղափոխությունը։ Հոդվածը ռուսերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։

Վերջին ժամանակներում հաճախ ենք լսում երկրում տնտեսական հեղափոխության անհրաժեշտության մասին: Վերացարկվելով այժմ նման եզրաբանության կիրառման նպատակահարմարությունից և այդ հեղափոխության իրականացման հնչեցված միջոցներից ու մեթոդներից, կցանկանայի ուշադրություն հրավիրել մի շատ կարևոր հանգամանքների վրա: Մասնավորապես՝ ինչպե՞ս է պետությունը պատրաստվում խթանել նշված հեղափոխությունը: Իհարկե, շատերը կասեն, որ երկրում կոռուպցիա և մենաշնորհներ չկան, առկա է պետության զարգացման մի ամբողջ ծրագիր և այլն: Չժխտելով, որ երկիրը հաջողությամբ պայքարում է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ, կցանկանայի նշել, որ դա տնտեսական աճի ընդամենը մի նախապայման է, որն ակնհայտորեն բավարար չէ: Ընդհանրապես, պետք է վարժվել, որ կոռուպցիայի բացակայությունը նորմալ երևույթ է, այն չպետք է ինչ-որ գերբնական բան լինի մեզ համար:

Զուտ կոռուպցիայի բացակայության շնորհիվ բիզնեսը չի շտապի ներդրումներ անել երկրի տնտեսությունում։ Մրցակցային ի՞նչ առավելություններ ունենք որպես երկիր։

Ունե՞նք մեծաթիվ բնական ռեսուրսներ։ Ոչ։

Ունե՞նք շատ հմուտ մասնագիտական ռեսուրսներ: Ոչ։

Բնակչությունն ունի՞ խոշոր գումարներ՝ ներդրումներ կատարելու համար: Ոչ։

Ունե՞նք ներքին խոշոր շուկա: Ոչ։

Ունե՞նք աշխարհագրական լավ դի՞րք՝ արտահանման համար: Լռենք:

Այսպիսով, ի՞նչ ունենք մենք, որ չունեն, օրինակ, մեր հարևանները: Ինչո՞ւ պետք է ներդրողը ընտրի մեր երկիրը՝ ներդրումներ կատարելու համար:

Շատերը կասեն` Սփյուռքը մեզ կօգնի: Սփյուռքը կարող է և կօգնի մասամբ (ավելի շատ բարեգործության տեսքով), բայց ամբողջ աշխարհի բոլոր գործարարները, այդ թվում հայկական արմատներ ունեցողները, որպես կանոն, հակված են մտածել նույն կերպ, և նրանց գումարները հոսում են այնտեղ, որտեղ կա ռիսկի ու եկամտաբերության օպտիմալ հարաբերակցություն։

Ակնհայտ է, որ մենք ունենք ավելի շատ մինուսներ, քան պլյուսներ: Իսկ եթե այս ամենին  ավելացնենք Լեռնային Ղարաբաղի դեռևս չլուծված խնդիրը, ապա թվում է, որ միայն խելագարը կհամաձայնի մասնակցել «տնտեսական հեղափոխությանը» և ներդրումներ անել Հայաստանի տնտեսությունում:

Մինչդեռ նման մարդիկ կան: Շատ չեն, բայց քիչ էլ չեն։ Ինձ թվում է, որ այդ մարդկանց առաջին հերթին գրավում են ձեռնարկատիրության վերածնվող ազատությունը և սեփականության իրավունքների պահպանման երաշխիքը: Ճիշտ է՝ դա դեռ միայն մեկ մարդու կողմից տրվող երաշխիք է, բայց հույս կա, որ մոտ ապագայում այն կդառնա հիմնարար համակարգային պաշտպանություն, որը կախված չի լինի ոչ մեկի կամքից (ո՛չ հարկային տեսուչի, ո՛չ նախարարի, ո՛չ վարչապետի):

Երկրորդ` եզակի մշակութային և պատմական ժառանգությունը, գեղեցիկ բնությունը, հյուրընկալ ժողովուրդը, համեղ խոհանոցն ու ջուրը օբյեկտիվորեն նպաստում են զբոսաշրջության զարգացմանը:

Երրորդ, մենք մեկ ազգ ենք՝ բացառիկ մշակույթով, լեզվով, անկախ մեր գտնվելու վայրից՝ (Լոս Անջելեսից մինչև Պրետորիա) խիստ համախմբված մտածելակերպով:

Չորրորդ, վերադառնում են վերջին 20 տարիներին երկրից հեռացած, բայց հայրենիքի հետ կապը պահպանած գործարարները:

Հենց այդ մարդիկ են այն շերտը, որ ունեն երկրում արդյունավետ և ստեղծագործ բիզնեսը վերածնելու ցանկություն, ունակություն և կարողություն, և հենց նրանց պետք է ուղղվի պետության աջակցությունն և խրախուսումը:

Ակնհայտ է՝ առավելագույնը, որ պետությունը կարող է անել նրանց համար,  բիզնեսի համար առաջնահերթությունները և հստակ կանոններ սահմանելն է, որոնք կլինեն թափանցիկ և մեր մրցակից երկրներից ավելի լավը: Միևնույն ժամանակ, կառավարությունը ունի տնտեսության խթանման և կարգավորման մի շարք արդյունավետ գործիքներ, որոնց թվում մասնավորապես կցանկանայի ընդգծել պետական հարկային քաղաքականությունը:

Երկրում, որտեղ հսկայական թվով մարդիկ ապրում են աղքատության շեմից ցածր, և որտեղ ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը ուղղակիորեն կամ անուղղակիորեն ընկնում է գյուղատնտեսության վրա, առաջին հերթին պետք է խթանվի հատկապես պարենային մթերքի նկատմամբ պահանջարկը: Շատ երկրներ (Ռուսաստան, Ֆրանսիա, Չեխիա և այլն) բավական արդյունավետ և հաջողությամբ լուծում են այս խնդիրը` ներդնելով պարենամթերքի նկատմամբ ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափեր:

Ընդ որում, երկարաժամկետ կտրվածքով (սովորաբար երկու տարուց սկսած) նման փոփոխություններից ստացվող համախառն բյուջեի եկամուտները աճում են: Մի շարք երկրների պրակտիկան և վերլուծությունը ցույց են տալիս, որ միջին հաշվով պարենամթերքի ապրանքախմբի համար ԱԱՀ-ի արտոնյալ դրույքաչափի կիրառման դեպքում (8-10 տոկոսային կետով նվազեցում), այդ ապրանքների վաճառքն ավելանում է 3-4  տոկոսով, իսկ գները նվազում են 5-6 տոկոսով:

Հարկային քաղաքականության երկրորդ կարևոր ուղղությունն է ներդրումային գործունեության խթանումը: Սա հիմնականում շահութահարկից ազատումն է այն մասով, որն ուղղվում է ներդրումների, ինչպես նաև հիմնական միջոցների ներդրումների վրա ԱԱՀ-ի արագացված վերադարձը և այլն:

Երրորդ ուղղությունը հարկային բեռի նվազեցումն է՝ նախևառաջ ուղղակի հարկերի գծով՝ եկամտահարկը մինչև 15 տոկոս, ֆիզիկական անձանց եկամտահարկը հնարավոր բոլոր պահումներով՝ մինչև 20 տոկոս:

Չորրորդ ուղղությունը խիստ և թափանցիկ հարկային վարչարարությունն ու հարկային հսկողությունն է: Կան բազմաթիվ խնդիրներ` տեղում ստուգումների համար հստակ չափորոշիչներ սահմանելուց մինչև հարկային տեսուչների որակավորման և մոտիվացիայի մակարդակը բարձրացնելը և հարկային իրավունքի խախտումների համար պատժի անխուսափելիությունը:

Հինգերորդ ուղղությունը կադրերի պատրաստումն ու վերապատրաստումն է: Մարդիկ են անում հեղափոխությունը: Առանց որակյալ մասնագետների՝ հեղափոխությունը խոսքից գործ չի անցնի։ Տնտեսությանն անհրաժեշտ են բոլոր մասնագետները՝ գյուղատնտեսից և հարկային մասնագետից մինչև ծրագրավորող և խառատ: Սա արագ գործընթաց չէ, և, հետևաբար, կրթության որակի բարելավումը չափազանց կարևոր և գերհրատապ խնդիր է:

Ամփոփելով վերը նշվածը, կցանկանայի ևս մեկ անգամ շեշտել, որ բիզնեսը երբեք չի հավատա միայն գեղեցիկ խոսքերին։ Հազիվ թե հնարավոր է միայն կոչերով մարդկանց ակտիվորեն ներգրավվել երկրի բիզնես ոլորտում, և նույնիսկ կոռուպցիայի և արհեստական մենաշնորհների դեմ պայքարը հետամնաց ագրարային երկրում չի լուծի տնտեսական աճի խնդիրը: Ագրարային երկրում, ըստ իս, հարկավոր է խթանել պահանջարկը (այդ թվում՝ հարկային մեխանիզմների միջոցով), պայմաններ ստեղծել արտասահմանյան շուկաներ մուտք գործելու համար, խթանել ներդրումները և պաշտպանել այն գործարարներին,  որոնք մեծ ռիսկերի են դիմում` հեռավոր ապագայում հնարավոր շահույթի համար։

Ինչի՞ց սկսել տնտեսական հեղափոխությունը: Պետական գյուղատնտեսական, կրթական և հարկային քաղաքականության փոփոխություններից:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի