28 փետրվար, 2019 11:46

Իրանը պատրաստ է օժանդակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Խամենեի

Պաշտոնական այցով Իրանում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին հանդիպում է ունեցել Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ, հաղորդում է ՀՀ վարչապետի կայքը։

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հաղորդում է․ «Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ողջունել է ՀՀ վարչապետի այցը և նշել, որ տեղեկացվել է Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի բանակցությունների արդյունքներին: Այաթոլլա Ալի Խամենեին իր աջակցությունն է հայտնել հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության զարգացմանն ու այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին: Նա առանձնակի կարևորել է հայ-իրանական տնտեսական փոխգործակցության ընդլայնումն ու խթանումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանը շահագրգիռ է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմամբ ու ընդլայնմամբ: 

Ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին և ժողովրդական հեղափոխությանը:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը տեղեկացրել է, որ ուշադրությամբ հետևել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական կանոններով տեղի ունեցած գործընթացներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային տարբեր խնդիրների: Նիկոլ Փաշինյանը և Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին համակարծիք են եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով»:

Այաթոլլա Ալի Խամենեիի պաշտոնական կայքում հանդիպման մասին հրապարակված հաղորդագրության մեջ  մասնավորապես ասվում է․ «Հանդիպման ընթացքում Այաթոլլա Խամենեին Հայաստանն ու Իրանը բնութագրել է որպես լավ հարևաններ, որոնք ունեն պատմական հարաբերություններ և շեշտել տնտեսական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։ Նա ասել է․ «Ի հեճուկս նրա, թե ինչ է ցանկանում ԱՄՆ-ը, Իրանի և Հայաստանի միջև կապերը պետք է լինեն ուժեղ, հարատև և բարեկամական։

[...]

Գերագույն հոգևոր առաջնորդը նաև ասել է․ «ԱՄՆ-ը բացարձակապես անհուսալի է և մշտապես փորձում է հարուցել խռովություն, կոռուպցիա, հակամարտություն և պատերազմ, նրանք դեմ են Հայաստանի ու Իրանի հարաբերություններին և երկու ժողովուրդների շահերին։ Բայց մենք, ի պատասխան, պետք է ամրապնդենք մեր հարաբերություններն ու համագործակցությունը։

Իրանն ու Հայաստանը երբեք միմյանց հետ խնդիրներ չեն ունեցել։ Մեր իսլամական ուսմունքի համաձայն՝ մենք պարտավոր ենք լավ վերաբերվել մեր հարևան երկրներին, սակայն ԱՄՆ պաշտոնյաները, ինչպիսին է Ջոն Բոլթոնը, չունեն մարդկային հարաբերությունների մասին պատկերացում»։

Այաթոլլա Խամենեին, ըստ նույն հաղորդագրության, ընդգծել է, որ երկկողմ տնտեսական համագործակցության մակարդակն ավելի ցածր է, քան երկու երկրների ներուժն է։ Հոգևոր առաջնորդն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության հարցին, որի կարգավորումը, նրա խոսքով, կախված է Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների միջև բանակցությունների շարունակությունից։

Իրանի հոգևոր առաջնորդը հայտնել է խնդրի կարգավորմանն օգնելու իր երկրի պատրաստակամության մասին։

Նույն օրը՝ ավելի վաղ, Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Իրանի խորհրդարանի խոսնակ  Ալի Լարիջանիի հետ։

Նիկոլ Փաշինյանը և Ալի Լարիջանին