2 մարտ, 2019 16:16

Թուրքիան գազի հարցում փորձում է ճնշում գործադրել Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի վրա․ Petrostrategies

Թուրքիան փորձելու է ճնշումներ գործադրել իրեն գազ մատակարարող երկրների՝ Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի վրա․ այսպիսի կանխատեսում է անում էներգետիկայի ոլորտում մասնագիտացած ֆրանսիական Petrostrategies հետազոտական ընկերությունը։

Ընկերության՝ համաշխարհային էներգետիկայի ոլորտի վերաբերյալ շաբաթական ամփոփագրում (World Energy Weekly, 04.03.2019) անդրադարձ կա Թուրքիայի՝ ԱՄՆ-ից հեղուկ բնական գազ գնելու ցանկությանը։

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ իրենք շահագրգռված են ԱՄՆ-ից ավելի շատ հեղուկ բնական գազ գնելու հարցում։

Petrostrategies-ի փորձագետները նշում են, որ Թուրքիայի երկարաժամկետ գազային պայմանագրերից մեկի ժամկետը, որով Ալժիրից տարեկան 3 մլն տոննա հեղուկ գազ էր ներկրվում, կլրանա այս տարի։ Իսկ 2021-ին կլրանա Ռուսաստանի խողովակաշարով տարեկան 16 մլրդ խմ գազի մատակարարման պայմանագրի ժամկետը։

«Մենք նոր ժամանակաշրջանի շեմին են, որի ընթացքում Թուրքիան նշանակալից որոշումներ է կայացնելու։ Որպես էներգետիկ ոլորտի քաղաքականության պատասխանատուներ՝ մենք ակնկալում ենք պայմանագրերի ավելի ճկուն պայմաններ՝ հաշվի առնելով հեղուկ բնական գազի առատ առաջարկը»,- ասել է Թուրքիայի էներգետիկայի փոխնախարարը՝ հավելելով, որ սովորական ճանապարհով՝ գազատարերով գազ մատակարարող երկրները պետք է հարմարվեն փոփոխվող աշխարհին։

Petrostrategies-ը նշում է, որ Անկարան այսպիսով փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի վրա, որպեսզի նրանցից ավելի շահավետ պայմաններ կորզի իր պետական նավթագազային BOTAS ընկերության համար։

Թուրքիան երկարաժամկետ պայմանագրերով հեղուկ բնական գազ է ներկրում Ալժիրից և Նիգերիայից։ Հեղուկ բնական գազ է ներկրում նաև Կատարից, Նորվեգիայից, և Միացյալ Նահանգներից՝ բորսայական գներով։   

Անկարայում վստահ են, որ ամերիկյան հեղուկ բնական գազը Թուրքիայի գազի շուկայում ապագայում ավելի մեծ դեր կունենա, քանի որ BOTAS-ը ցանկանում է վերաձևել մատակարարումների ուղիները։ Եվրոպական երկրների շարքում Թուրքիան ամերիկյան հեղուկ գազի ամենամեծ շուկան է։

Ներկայում Թուրքիայում հեղուկ բնական գազի չորս տերմինալ կա։ Անկարան մտադիր է կառուցել հինգերորդը, որը կլինի լողացող տերմինալ։  

Անկարայի հայտարարությունները, ըստ Petrostrategies-ի, նրան թույլ են տալիս գազի շուկայում խաղարկել մրցակցային քարտը՝ ձեռքի հետ սիրաշահելով Վաշինգտոնին։

Փետրվարի վերջին Թուրքիան նաև որոշում ընդունեց մեծացնել ամերիկյան ապրանքների ներկրումը՝ դրանով փորձելով մեղմել երկու երկրների միջև առկա առևտրային և քաղաքական լարվածությունը։

Կարեն Հարությունյան

Լուսանկարը՝ Sputniknews.com