5 մարտ, 2019 10:55

«Տրոյկա լվացքատուն». նոր հետաքննություն՝ կոռուպցիոն սխեմաների մասին

«Հետքը», Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) և 20 լրատվամիջոցներ համատեղ ուսումնասիրել են 8,8 միլիարդ դոլար արժողությամբ մի ցանց, որը գործել է «Տրոյկա դիալոգի» մասնակցությամբ։

Լրագրողների տրամադրության տակ են հայտնվել լիտվական «Յուկիո» բանկից (Ūkio bankas) արտահոսած ավելի քան 60 000 ֆինանսական փաստաթղթեր: Հետաքննությունը ստացել է «Տրոյկա լվացքատուն» (Troika Laundromat) անվանումը։ Ցանցը գործել է ռուսաստանաբնակ գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ներդրումային մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» մասնակցությամբ։

Ցանցն ընդգրկում է նվազագույնը 80 օֆշորային ընկերություններ, որոնք կնքել են կեղծ առքուվաճառքի, վարկային և ներդրումային պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարների ծագումը, սակայն, հայտնի չէ։

Հետաքննության մաս կազմող բրիտանական Guardian պարբերականը բացահայտել է, որ ռուսաստանյան օֆշորների ցանցի հետ կապված է Բրիտանիայի արքայազն Չարլզի բարեգործական հիմնադրամը։

Ռուբեն Վարդանյանն ասել է, թե ինքը վստահ է եղել, որ բանկը ծանոթ է եղել իր հաճախորդներին և «հետևել է համապատասխան կանոնակարգերին և ընթացակարգերին, որ պահանջվել են այդ պահի օրենսդրությամբ»։ Վարդանյանը նաև պնդել է, որ ինքը տեղյակ չի եղել «Տրոյկա Դիալոգի» կողմից ստացված որևէ խարդախ գումարի մասին։

Ռուբեն Վարդանյանի գրասենյակի արձագանքը

OCCRP ցանցի լրատվամիջոցներում հրապարակումների վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Ռուբեն Վարդանյանի գրասենյակը։

«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբը իր գոյության ողջ ընթացքում գործել է թափանցիկության սկզբունքներին եւ ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտներին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձեւավորմանը: 

2012 թվականին Սբերբանկին «Տրոյկա դիալոգ»-ը վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ եւ միջոցներ է հատկացրել մեկենասությանը: Իսկ կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը պարոն Վարդանյանի ընտանիքն իր վրա վերցրել էր դեռ 2000-ականներին:

Ավելի մանրամասն մեկնաբանություններ կտրվեն հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո»:

Սաթենիկ Հակոբյան