5 մարտ, 2019 09:53

Լեգեոներները դաշտից դուրս են մղում հայ ֆուտբոլիստներին

Մարտի 2-ին մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնության երկրորդ շրջանը:

Գարնանային հատվածի նախօրեին հայկական ֆուտբոլում՝ ակումբների տերերի, մարզիչների, ֆեդերացիայի և ֆուտբոլիստների մասնակցությամբ, բուռն բանավեճ էր ծավալվել գարուն-աշուն ձևաչափով առաջնություն անցկացնելու և լեգեոներների սահմանափակման խնդիրների շուրջ։ Հետևելով Ռուսաստանին՝ տարիներ առաջ Հայաստանը անցում կատարեց աշուն-ամառ ձևաչափին։ Այս ձևաչափի դեպքում գրեթե երեք ամիս՝ հունիս, հուլիս, և մասամբ՝ օգոստոս, թիմերը ֆուտբոլ չեն խաղում։ Ավելի վիճելի է օտարերկրացիների թվի սահմանափակման հարցը։

Սահմանափակման կողմնակիցները նշում են, որ լեգեոներները, բացի նրանից, որ ավելի են վճարվում, դաշտից դուրս են մղում հայ ֆուտբոլիստներին: Նաև այդ պատճառով է, որ Հայաստանի հավաքականը վերջին տարիներին լավ արդյունքների չի հասնում:

Լեգեոներների սահմանափակել-չսահմանափակելու բանավեճը թողնելով ֆուտբոլային ինդուստրիայի մասնագետներին՝ եկեք տեսնենք՝ իրո՞ք արտասահմանցի ֆուտբոլիստները իշխում են հայկական ակումբային ֆուտբոլում:

Գարնանային մրցաշրջանի առաջին տուրում կայացավ 4 հանդիպում: Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2018-2019թթ. առաջնությանը մասնակցում է 9 թիմ՝ 3-ով ավելի, քան 2017-2018-ին: Ավելացած երեք թիմերն են՝ Արարատ-Արմենիան, Լոռին և Արցախը:

Մենք, տեխնիկական աշխատանք կատարելով, պարզեցինք, թե առաջին տուրում թիմերի մեկնարկային կազմերում դաշտ դուրս եկած 11 ֆուտբոլիստներից քանիսն են տեղացիներ և քանիսը՝ լեգեոներներ:

Արարատ-Արմենիան սեփական հարկի տակ՝ Երևանում, 4-1 հաշվով հաղթեց Արարատին: Արարատ-Արմենիան դաշտ դուրս բերեց 10 լեգեոներ և միայն 1 տեղացի ֆուտբոլիստ: Արարատի մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներից 7-ը օտար էր, 4-ը՝ տեղացի:

Ինչպես աշնանային հատվածում, այնպես էլ գարնանայինում, Արարատ-Արմենիան հանդես է գալիս գրեթե բացառապես լեգեոներների կազմով: Իսկ ահա Արարատը, որ ավելի շատ հենվում էր սեփական դպրոցի և տեղացի ֆուտբոլիստների վրա, առաջնության այս հատվածում մի շարք ֆուտբոլիստներ է բերել դրսից, որի պատճառով հիմնական կազմի մի շարք ֆուտբոլիստներ հայտնվել են Արարատ-2-ում և խաղում են Առաջին լիգայում:

Բնականաբար, թիմի ղեկավարությունը դաշտ է դուրս բերում հիմնականում լեգեներներին, քանի որ նրանց համար վճարել է և առավել՝ ուզում է հաղթանակներ: Գուցե նրանք ավելի լավ են խաղում, քան տեղացիները: Բայց երբ հիմնական կազմի երիտասարդ տեղացի ֆուտբոլիստը կորցնում է իր տեղը հիմնական կազմում, միշտ էլ վտանգ կա, որ նա հրաժեշտ կտա ֆուտբոլին:

Ալաշկերտ-Փյունիկ խաղում, որն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2-1, Փյունիկի մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներից 9-ը դրսից էին, 2-ը՝ տեղացի: Ալաշկերտը դաշտ էր դուրս բերել 6 տեղացի և 5 լեգեոներ:

Շիրակ-Լոռի խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: Գյումրիի Շիրակը այն քիչ թիմերից է, որ խաղում է հիմնականում տեղացիներով: Նրա մեկնարկային կազմի 11 խաղացողներից 7-ը հայեր էին, 4-ը՝ օտար: Իսկ ահա Լոռին, ինչպես առաջնության առաջին հատվածում, խաղաց հիմնականում սև ֆուտբոլիստներով՝ 9-ը լեգեոներ և 2 հայ:

«Ամենահայկական» ակումբը Արցախն է: Բանանցի հետ խաղում, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով, թիմը դաշտ դուրս եկավ 10 տեղացի և 1 լեգեոներ կազմով: Բանանցի մեկնարկային 11 ֆուտբոլիստներից 6-ը դրսից էր, 5-ը՝ հայ:

Այսպիսով, 4 խաղերում դաշտ դուրս եկած 88 ֆուտբոլիստներից 51-ը լեգեոներ էր, 37-ը՝ տեղացի հայ:

Ֆուտբոլի սիրահարները, լրագրողները, մասնագետները տարիներ շարունակ տրտնջում էին, որ Հայաստանում ֆուտբոլ խաղում են հիմնականում Երևանում, իսկ մարզերը զրկված են: Դա ճիշտ է նաև այսօր, երբ Բարձրագույն խմբի 9 թիմերից 7-ը Երևանում են խաղում: Եվ միայն Շիրակն ու Լոռին են, որ ներկայացնում են Գյումրին և Վանաձորը:

Հայկական ֆուտբոլի մայրաքաղաքային լինելը փաստ է նաև այսօր: Դրան ավելացել է մեկ այլ գույն՝ երևանակենտրոն ֆուտբոլը, որն ավելի քան 60 տոկոսով լեգեոներական է: Հաճախ մենք ականատես ենք լինում ֆուտբոլային հանդիպումների, երբ դաշտում խաղացող 22 ֆուտբոլիստներից ավելի քան 15-ը դրսից են:

Արխիվային լուսանկարում՝ Վանաձորի Լոռի թիմի ֆուտբոլիստները ցնծում են Երևանի Փյունիկի դեմ խփած գոլից հետո