11 մարտ, 2019 17:07

Ադրբեջանում մեկնարկում են լայնամասշտաբ զորավարժություններ

Այսօր Ադրբեջանում մեկնարկում են պլանային բնույթի լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված է շուրջ 10 000 անձնակազմ: Զորավարժությունները տևելու են մինչև մարտի 15-ը։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական կայքերը, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, վարժանքներում ներգրավված է նաև մինչև 500 միավոր զրահատանկային տեխնիկա, ավտոմոբիլային և հատուկ միջոց, մինչև 300 միավոր տարբեր տրամաչափի հրթիռահրետանային միջոց, տարբեր նշանակության մինչև 20 միավոր ավիացիոն միջոց՝ այդ թվում զորային ավիացիա (ուղղաթիռներ): Զորավարժությունը հարձակողական սցենարով է։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մեկնարկող զորավարժություններին՝ գրելով, որ զորավարժությունը կազմակերպվել է Փաշինյան-Ալիև հանդիպման համատեքստում և ճնշման փորձ է։