11 մարտ, 2019 09:57

ԵԱՀԿ Մինսկի խումբը սեղանին տեսնում է Կազանի փաստաթուղթը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունից պարզվում է, որ ղարաբաղյան կարգավորման սեղանին Կազանի փաստաթուղթն է, կամ միջազգային միջնորդները ձգտում են, որ սեղանին մնա հենց այդ փաստաթուղթը:

Աշխատանքային այդ փաստաթուղթը, որպես բանակցությունների հիմք, վերապահումներով ժամանակին ընդունել է Հայաստանը և մերժել՝ Ադրբեջանը:

Կազանի փաստաթուղթը, ինչպես և դրան նախորդած Մադրիդյան տեքստը, հիմնված են հիմնականում 4 սկզբունքների վրա: Համեմատության մեջ, անկասկած, Կազանի առաջարկները հայկական կողմի/երի համար ավելի անընդունելի են, քան Մադրիդյան տեքստն է, որը Պրահյան գործընթացի վերջնարդյունք է, և Երևանին ու Բաքվին ներկայացվել է 2007-ի նոյեմբերին:

Հակառակ նրան, որ Մադրիդյան և Կազանյան առաջարկները տարբեր ժամանակներում քննադատվել են և անընդունելի համարվել Ադրբեջանում, Արցախում և Հայաստանում, միջնորդները դրանք համարում են փոխզիջումների վրա հիմնված և հակամարտող կողմերի նվազագույն պահանջներն ու ակնկալիքները բավարարող տեքստ:

Պատահական չէ, որ այդ տեքստը՝ տարբեր փոփոխություններով, սեղանի վրա է ավելի քան 10 տարի: Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի պատմության մեջ չկա որևէ այլ առաջարկ, որն այդքան երկար մնացած լինի սեղանին:

Կազանի աշխատանքային փաստաթղթով Հայաստանին և Ադրբեջանին առաջարկվում է.

1.  Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողությանը,

2. Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ,

3. Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրար կապող միջանցք,

4. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում՝ իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն:

Որպեսզի հասկանալի լինի Մադրիդյան տեքստի և Կազանի առաջարկների տարբերությունը, ներկայացնենք Մադրիդյանի 4 հիմնարար սկզբունքները.

1. Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում… Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն:

2. Միջանկյալ ժամկետի ընթացքում, մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, վերջինիս բնակիչները կունենան որոշակի իրավունքներ և արտոնություններ…

– Լեռնային Ղարաբաղի բնակչությունը իրավունք է ունենալու ընտրելու իշխանության մարմիններ` միջանկյալ շրջանում Լեռնային Ղարաբաղը կառավարելու համար:

– Լեռնային Ղարաբաղի միջանկյալ իշխանությունները կարող են ունենալ դիտորդի կարգավիճակ ԵԱՀԿ այն նստաշրջաններում, որոնցում քննարկվում են անմիջականորեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող հարցեր: Նրանք կարող են անդամակցել միջազգային այն կազմակերպություններին, որոնցում միջազգայնորեն ճանաչված լինելու կարգավիճակը նախապայման չէ:

3. Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվելու են ադրբեջանական վերահսկողության տակ:

– Հայկական ուժերը դուրս են բերվում Քելբաջարի շրջանից:

– Քելբաջարի շրջանը գտնվելու է  միջազգային անցումային  հանձնաժողովի մոնիտորինգի տակ՝ ԵԱՀԿ հանձնաժողովի միջոցով, որը ներառելու է հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ:

– Ադրբեջանական ներքին տեղահանված անձանց թույլ կտրվի վերադառնալ Քելբաջարի շրջան Խաղաղության Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց:

4. Համաձայնեցված լայնքի միջանցքը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ: Մինչև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, այդ միջանցքը գտնվելու է Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր իշխանություննների վերահսկողության տակ: Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումից հետո միջանցքի օգտագործման գործընթացը կկարգավորվի` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը:

Եթե նկատում եք՝ Մադրիդյան փաստաթղթում, որպես առաջին կետ նշված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և օգտագործված է պլեբիսցիտ տերմինը, մինչդեռ Կազանի տեքստում կարգավիճակը նշված է չորրորդ կետում, իսկ պլեբիսցիտ իրավական ուժ ունեցող բառի փոխարեն գրված է «պարտադիր ուժ ունեցող կամարտահայտություն» ձևակերպումը:

Կազանի փաստաթուղթը, կարելի է ասել, Մադրիդյան սկզբունքների հենքով բանակցված աշխատանքային տարբերակներից մեկն է, որը մերժել է Ադրբեջանը:

2016-ի նոյեմբերին Սերժ Սարգսյանը մի հարցազրույցում խոստովանեց, որ ինքն ու Իլհամ Ալիևը 2008-ից հետո մի քանի անգամ մոտ են եղել փաստաթուղթ ստորագրելուն, սակայն ամեն անգամ Ալիևը վերջին պահին հրաժարվել է: 

«Հայկական կողմը, հայկական կողմերը՝ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը, թողնում են այն տարածքները, որոնք այսօր զբաղեցված են որպես անվտանգության գոտի: Այսինքն, այն տարածքները, որոնք ադրբեջանցիները համարում են գրավյալ՝ 7 ադրբեջանական շրջաններ: Մենք թողնում ենք այդ տարածքները և հեռանում… 2011-ին, կարծես, թվում էր, մենք պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթուղթը: Ռուսաստանի նախագահը, բացելով այդ հանդիպումը, ասաց, որ շատ լավ է, որ հասանք այս օրը, որ խաղաղ համաձայնագիր է… Ելույթ ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը: Ապա ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը, ասաց, որ, իհարկե, ուզում են, որ լուծումը լինի խաղաղ ճանապարհով, բայց դեռ հարցեր ունեն: Եթե չեմ սխալվում, թվարկեց 8 թե 9 կետեր»:

Այսպիսով, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, Հայաստանի ներկա իշխանությունները դեռ չեն ընդունել Կազանի առաջարկները որպես բանակցությունների հիմք:

Իր հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը շեշտում է, որ ցանկալի չէ բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն: Սա, անշուշտ, ուղղված է հայկական կողմին, ավելի հստակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքը չի կարող բանակցել Արցախի փոխարեն, և որ Արցախի ներգրավումը բանակցություններում անհրաժեշտություն է:

Այս մասին՝ հաջորդիվ: 

 

Լուսանկարում՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանում, 2011թ․ հունիսի 24