11 մարտ, 2019 17:24

Մարտի 13-ին Հայաստան կայցելի Վրաստանի նախագահը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, մի խումբ պատգամավորներ, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սալոմե Զուրաբիշվիլիի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

***

Վրաստանի նորընտիր նախագահն առաջին անգամ է այցելում Հայաստան պաշտոնն ստանձնելուց ի վեր։ Փետրվարի վերջին Զուրաբիշվիլին այցելել է Բաքու, որտեղ հանդես է եկել բավական հակասական հայտարարություններով։ 

2018թ․ սեպտեմբերին պաշտոնական այցով Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

2019թ․ փետրվարին Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։

 

Լուսանկարում՝ Արմեն Սարգսյանը մասնակցում է Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը, 2018թ․ դեկտեմբերի 16