12 մարտ, 2019 13:11

Ինչ անել չմշակվող հողերի հետ. գյուղնախարարությունը օրենքի նախագիծ է մշակում

Գյուղատնտեսության նախարարությունը մտադիր է փոփոխություններ կատարել Հայաստանի հողային օրենսգրքում: Փոփոխությունների նպատակը գյուղատնտեսական նշանակության վարելահողերի առավել նպատակային օգտագործումն է։ Գյուղատնտեսության փոխնախարար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արտակ Քամալյանը Սիվիլնեթի Մկրտիչ Կարապետյանի հետ զրույցում ասում է՝ արդեն կա ստեղծված աշխատանքային խումբ, որը զբաղվում է օրենսդրական այս փոփոխություններով։

- Պարոն Քամալյան, գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը հայտարարել էր, որ մշակվում է օրենքի նախագիծ, որով չմշակվող հողերը պետք է տրվեն այլ անձանց՝ վարձակալության։ Ինչու՞ եք սա անում։

- Եթե մոտավորապես ասեմ՝ այսօր ունենք 450 000 հեկտար վարելահող, որից մոտավորապես 200 000-ը չի օգտագործվում։ Սա է վիճակագրական տվյալը, ու սա շատ ցավալի է։ Մենք այս ուղղությամբ աշխատանքներ ենք կատարում, ձևավորել ենք աշխատանքային խումբ և ուզում ենք զարգացնել Հայաստանի հողային շուկան։ Երեք ուղղություն ունենք.

Առաջին ուղությունը՝ ուզում ենք հաշվառել մեր հողերը։ Մեր, մեր փորձագետների կանխատեսումներով՝ վարելահողերի 20 տոկոսի սեփականատերերին մենք չենք գտնելու։ Այդ մարդիկ չկան, օրինակ՝ մահացել են, ժառանգներ չեն ունեցել, մի մասը՝ ժառանգներ ունեցել է, բայց այդ հողերը ժառանգները չեն վերցրել կամ, օրինակ, սեփականատերը 28 տարի առաջ երկրից դուրս է եկել ու չի վերադարձել։ Ոչ ոք չգիտի, թե այդ հողն ումն է։ Վարելահողերի 20 տոկոսը ոչ մեկին չի պատկանում, եթե փոփոխություններ լինեն, կարող ենք դա վերցնել որպես պետության կամ համայնքի սեփականություն։

Երկրորդ քայլը, որ ուսումնասիրում ենք եվրոպական մի շարք երկրների փորձն է. եթե մարդիկ վարելահողը չեն օգտագործում ու չեն ուզում վարձակալության տալ, մենք օրենքի ուժով դա վերցնում ենք այդ մարդկանցից ու աճուրդով երկարաժամկետ տալիս ենք վարձակալության այն մարդկանց, ովքեր ուզում են դա` 15 տարի և այլ ժամկետով։ Այն գումարը, որ պետությունը կստանա այդ մարդկանցից, կփոխանցի սեփականատիրոջը։ Սա մյուս տարբերակն է։ Սա իր հետ խնդիրներ էլ է բերելու։ Մենք պետք է հասկանանք՝ որ հողն է օգտագործվել, որը՝ ոչ։ Մարդը կարող է իր հողի վրա երկու տանձի ծառ տնկել ու ասել՝ ես հողն օգտագործում եմ։

Երրորդ ուղղությունը նույնպես կա, որի մասով դեռ հստակություն չկա, ու խոսելը վաղ է։

- Վարելահողերը չօգտագործելու պատճառներից մեկն էլ այն է, որ ոռոգման համակարգն այդ հողատարածքներ չի հասնում։ Չե՞ք կարծում, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների առկայության դեպքում այդ հողերը կսկսեն օգտագործվել։

- Նախ ասեմ, որ ոչ բոլոր մշակաբույսերն են, որոնց համար պետք է ջուր օգտագործել։ Եթե մարդու հողը չի ջրվում, չի նշանակում, որ մարդը չի կարող դա օգտագործել ու ինչ-որ բան աճեցնել այնտեղ։ Չկա որևէ պետություն, որտեղ 100 տոկոսով կարող են ունենալ ոռոգելի հողեր։ Մեծամասնությունը հողերը չի օգտագործում, քանի որ գյուղատնտեսությունը ռիսկային բիզնես է, որովհետև հողակտորները շատ փոքր են, որովհետև տեխնիկայի դեֆիցիտ կա, գիտելիքի պակասություն կա, կապիտալի պակասություն կա։ Շատ տարբեր պատճառներ կան։

- Մտավախություն չունե՞ք, որ սա կարող է սեփականության վերաբաշխման տպավորություն թողնել։

- Ո՛չ, ո՛չ։ Հողը ավտոմեքենա չէ, հողն այս երկրի հարստությունն է, ու եթե մարդը, լինելով հողի սեփականատեր, այն չի օգտագործում, հողն իր ունակությունները կորցնում է՝ դառնում է արոտավայր, իր բերքատվությունը կորցնում է։ Դա նշանակում է, որ մեր երկրի հարստությունը նվազում է։ Մեր խնդիրն այն է, որ հողը առավելագույնս արդյունավետ օգտագործենք։ Դժգոհություններ անպայման կլինեն, բայց մենք պլանավորել ենք, որ տասը տարի հետո վարելահողերը ամբողջությամբ պետք է օգտագործվեն։

- Մարդը հողն օգտագործելու համար պետք է շահագրգռված լինի, վստահ լինի, որ այն շահույթ է ապահովելու և այլն։ Դուք ինչպե՞ս եք մտածում այդ շահագրգռությունը ստեղծել, որ մարդիկ սկսեն հող մշակել։

- Մենք Հայաստանում ունենք 320 000 տնային տնտեսություն։ Դրա 40-45 տոկոսն այն մարդիկ են, որոնք ունեն 0,5 հեկտարից պակաս հող՝ այսինքն 120-130 հազար մարդ։ Այդ 130 000 մարդը այդ 0,5 հեկտարում կարողանում են այնքան սնունդ արտադրել, որ ընտանիքին է հերիքում։ Նա առևտրային գյուղատնտեսությամբ չի զբաղվում, քանի որ իր հողի ծավալը չի հերիքում։ Մնացյալ 55 տոկոսը զբաղվում է այնպիսի գյուղատնտեսությամբ, որից եկամուտ է ստանում։ Մենք պետք է հասկանանք, թե ում պիտի աջակցենք` 0,5 հեկտար ունեցողի՞ն, թե՞ 0,5 հեկտարից ավելի ունեցողին։

- Միգուցե՝ երկուսի՞ն էլ։

- Երկուսին էլ պետք է օգնենք, բայց ծրագրերը պետք է տարբեր լինեն։ Եթե 0,5 հեկտար ունեցողին ես տամ 3 միլիոն դրամ վարկ, նա կվերցնի վարկը, բայց վարկը չի վերադարձնի, քանի որ անհնար է այդ ծավալի հողի վրա այնպիսի բիզնես անես, որ կարողանաս վարկը վերադարձնել։ Եթե մենք մարդկանց խրախուսում ենք այդ ուղղությամբ, մենք նրանց վատություն ենք անում։ Մենք մարդուն ասում ենք՝ այդ վարկը վերցրու և խորտակվիր, հարևանները երաշխավորություն են տալիս, հետո այդ մարդը գնում ուրիշ բանկից ուրիշ վարկ է վերցնում ավելի բարձր տոկոսով։ Հետո զանգում է տղաներին, աղջիկներին, ասում՝ փող ուղարկեք, որ ես վարկերը փակեմ։ Ես ուզում եմ, որ արդյունավետ գյուղատնտեսություն ունենանք, ուզում եմ, որ հողի որակը բարձրանա, ոչ թե անկում ունենա։ Մեզ մոտ հիմա և՛ հողի քանակն է պակասում, և՛ հողի որակն է վատանում, որովհետև եթե մարդիկ հողը չեն օգտագործում, հողի որակն ընկնում է։ Եթե մենք ուզում ենք, որ մեր գյուղատնտեսությունը զարգանա, երկու բան պետք է անենք՝ լուծենք հողի հարցը ու գյուղատնտեսական կրթության հարցը։ Գյուղատնտեսությունում փոփոխությունների համար երկար պետք է սպասենք, ու կարևոր է, որ ճիշտ ճանապարհով գնանք։

Կարդացե՛ք նաև Արտակ Քամալյանի սյունակները՝

Կովն ավելի արագ չի ծնի

Չորս քայլ հարկային բարեփոխման ճանապարհին

Հինգ քայլ՝ ինչպես սկսել տնտեսական հեղափոխությունը