12 մարտ, 2019 10:29

Ինչու և ինչպես բարեփոխել պետության բյուջետային գործընթացը

Արա Չալաբյանը Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահն է, Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է ֆինանսներ և աուդիտ։Արա Չալաբյան

Ինչպե՞ս թափանցիկ պետական բյուջեն կարող է պետության և քաղաքացիների միջև դառնալ յուրօրինակ քաղաքացիական պայմանագիր՝ ներառական տնտեսության կառուցման ճանապարհին։

Վերջին շրջանում հաճախակի ենք լսում, որ մեզ անհրաժեշտ է ներառական տնտեսություն՝ հիշելով տնտեսագետ Տարոն Աճեմօղլուի հայտնի գիրքը։ Կայուն տնտեսական ներառականությունը, ըստ Աճեմօղլուի, հնարավոր է քաղաքական ներառականության դեպքում: Այսօր ցանկանում եմ անդրադառնալ առաջին հայացքից նեղ մասնագիտական թեմայի, որն իրականում առնչվում է տնտեսական ներառականության կարևոր ու մեծ խնդրին:

Ընդհանրապես, հեղափոխությունից հետո ես որպես քաղաքացի ակնկալում եմ տեսնել էական տեղաշարժեր, առաջին հերթին՝ հենց արհեստավարժության բարձրացման առումով, քանի որ ժողովրդական պոռթկման պատճառներից մեկը խնամի-ծանոթ-բարեկամ ավանդույթների հիման վրա կառուցված պետական և տնտեսական իրողությունն էր: Այդ արհեստավարժությունը պետք է բերի ավելի բարձրակարգ և որակյալ պետական կառավարման, ինչը կնպաստի պետության և քաղաքացիների միջև փոխվստահության ավելացմանը:

Եվ այսպես՝ ի՞նչ կարող է անել պետությունը, որպեսզի հնարավորություն տա քաղաքացուն ներգրավված լինել: Առանց հավակնելու բոլոր խնդիրների դեղատոմսերն ունենալու անշնորհակալ դերին՝ կարծում եմ, որ պետական բյուջեի կազմման և կատարման գործընթացի բարեփոխումը կարող է մեկնարկային լավ կետ լինել:

Բարեբախտաբար, այս թեմայով համապարփակ և մատչելի փաստաթուղթ է ստեղծել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), որը կոչվում է «Բյուջետային թափանցիկության գործիքակազմ»։ Փաստաթուղթն ամփոփում է թեմայի վերաբերյալ միջազգային տարբեր կառույցների մոտեցումները՝ գործընթացի առանցքային մասնակիցներին խմբավորելով հինգ խմբերում՝ կառավարություն, խորհրդարան, հսկողության և աուդիտի մարմիններ, քաղաքացիական հասարակություն և մասնավոր հատված։ Փաստաթուղը ներկայացնում է նաև յուրաքանչյուրի դերն ավելի թափանցիկ և ներառական պետական բյուջե ունենալու գործում:

Հասկանալու, թե որքանով է թափանցիկ այս կամ այն երկրի պետական բյուջեն՝ Բյուջետային համագործակցության միջազգային կազմակերպությունը (International Business Partnership) սկսած 2006-ից իրականացնում է «բաց բյուջեի ինդեքսի» հաշվարկ՝ հիմնված 100-ից ավելի չափանիշների վերլուծության վրա: 

Վերջին՝ 2017թ. հետազոտության տվյալներով, որտեղ ներառված է 115 երկիր, առաջատարներն են Նոր Զելանդիան, Հարավային Աֆրիկան, Շվեդիան, Նորվեգիան և մեր հարևան Վրաստանը, որն առաջ է անցել ԱՄՆ-ից։ Նախորդ՝ 2015թ. հետազոտության տվյալներով Վրաստանը 16-րդն էր, իսկ 2012-ին՝ 33-րդը: Մեկ այլ հարևան երկիր՝ Ադրբեջանը, գտնվում է 77-րդ, իսկ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը՝ 15-րդ տեղում:

Հայաստանն այս ցուցակում ներկայացված չէ։ Հասկանալու համար մեր բյուջետային գործընթացի թափանցիկության և ներառականության աստիճանը՝ որպես առաջին քայլ կարելի է միանալ այս նախաձեռնությանը (լավ առիթ է Վրաստանի և Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ փորձի փոխանակման համար):

Նույն կազմակերպությունն առաջարկում է տարբեր գործիքներ, ինչպես օրինակ՝ «Քաղաքացու բյուջեի ձեռնարկը», որի նպատակը քաղաքացիների համար բյուջեի պարզ և մատչելի տարբերակ պատրաստելն է՝ զերծ տեխնիկական ժարգոնից և թվերի տեղատարափից, որն էլ հասարակության հետ հաղորդակցման և հետադարձ կապի ստացման գործիք կլինի:

Ղազախստանը 2011թ. օրենսդրորեն ամրագրել է քաղաքացու բյուջեի կազմման մոտեցումները՝ կենտրոնական և տեղական կառավարման մարմինների մակարդակով, ինչն առանձնահատուկ է նրանով, որ ոչ միայն ընդգրկում է բյուջեի կազմման, այլև հաստատման, կատարման և կատարողականի գնահատման փուլերը:

Գործընթացի գրագետ կազմակերպման երկարաժամկետ արդյունքը պետք է լինի քաղաքացիների վճարած հարկերի և դրանց միջոցով նրանց համար ստեղծվող հանրային բարիքների վերաբերյալ քաղաքացիների իրազեկվածության բարձրացումը, պետության կողմից հասկանալի և թափանցիկ որոշումների կայացումը և, ի վերջո, քաղաքացու մասնակցության ապահովումը՝ թե՛ որոշումների կայացման, թե՛ հարկերի գիտակցված վճարման մասով:

***

Արա Չալաբյանը Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի նախագահն է, Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է ֆինանսներ և աուդիտ։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: