13 մարտ, 2019 10:04

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում զինվոր է զոհվել՝ Համլետ Հրաչի Ավագյանը

Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում զինվոր է զոհվել՝ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ., Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ 

«Ցավոք առավոտը վատ լուրով պետք է սկսեմ: Խորը ցավով տեղեկացնում եմ, որ երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում, ծառայողական պարտականությունները կատարելիս մահացել է ՀՀ ԶՈւ-երի N զորամասի զինծառայող, շարքային-բուժակ Համլետ Հրաչի Ավագյանը, ծնված 2000թ.: Մահը հակառակորդի կրակից չի եղել, այլ մանրամասները կհայտնեն համապատասխան մարմինները: Ցավակցում ենք Համլետ Ավագյանի ընտանիքին և հարազատներին»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Մարտի 12-ին մեկ այլ մահացու միջադեպ էր գրանցվել նաև Արցախում։ Արցախի Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ մարտի 12-ի ժամը 06.50-ի սահմանում Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը: Քննչական կոմիտեն հաղորդել է, որ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կարեն Կարապետյանի ծառայակիցը: