13 մարտ, 2019 17:00

Հայաստանում ու Արցախում արձագանքում են Փաշինյանի ելույթին

Մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը հայկական սոցիալական հարթակներում և լրատվամիջոցներում արժանանում է տարբեր գնահատականների։ Փաշինյանը նիստի ընթացքում կրկին շեշտեց Արցախի՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու կարևորությունը, նշեց, որ Հայաստանը պատրաստ է «շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ»։

ՍիվիլՆեթը հավաքել է Փաշինյանի ելույթի արձագանքները։

Քաղաքագետ, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հակադարձում է նրանց, ովքեր ասում են, թե Նիոկլը պատրաստվում է հողեր հանձնել։ Գրիգորյանը հինգ փաստ է նշում․

«1. Հայաստանի նոր կառավարությունը իր առաջնահերթ նպատակն է համարում բանակի վերազինումը: Արդեն իսկ ռազմական տեխնիկայի ու սպառազինության մատակարարման մասին կարևոր պայմանագիր է ստորագրվել Ռուսաստանի հետ: Սպառազինության մեկ այլ խմբաքանակի ձեռքբերման համար նոր միջպետական վարկ ստանալու վերաբերյալ բանակցությունները Մոսկվայի հետ եզրափակիչ փուլում են:

2. Եթե «հող պահող» Սերժ Սարգսյանի շրջապատը հանրությանը անհայտ տաղանդների շնորհիվ տարիների ընթացքում միլիոնատերներ են դարձել , ապա «հող հանձնող» Փաշինյանի իշխանության օրոք նրանք այդ միլիոնները նվիրաբերում են Պաշտպանության բանակին:

3. Եթե նախկին իշխանությունները լրիվությամբ ձախողել էին վերաբնակեցման գործընթացը, ապա Փաշինյանի իշխանության մի քանի ամիսների ընթացքում արդեն իսկ որոշում է կայացվել ՀՀ և ԼՂՀ պատմության մեջ աննախադեպ մի ծրագիր իրականացնել, որի մասին քչերն են խոսում: Հայաստանի բյուջեից միլիարդավոր դրամներ են տրամադրվելու ազատագրված շրջաններից մեկում բավականին խոշոր ու ռազմավարական նշանականություն ունեցող բնակավայր կառուցելու համար: Շրջանում, որը չի գտնվում միջանցքային գոտում և որտեղ մինչ այդ վերաբնակեցման որևէ լուրջ ծրագիր չի իրականացվել:

4. Եթե Սերժ Սարգսյանը գրեթե զրոյական լեգիտիմություն ու հանրային աջակցություն ունեցող գործիչ էր, ով պահպանում էր իր իշխանությունը արտաքին լեգիտիմության շնորհիվ, ապա Նիկոլ Փաշինյանը երրորդ հանրապետության ամենալեգիտիմ ղեկավարն է, որի վրա արտաքին ազդեցության լծակները շատ ավելի քիչ են: Հայաստանը միջազգային հարաբերությունների օբյեկտից աստիճանաբար սուբյեկտ է դառնում: Բացի այդ, Հայաստանն ու Ադրբեջանը այժմ տարբեր կատեգորիաների երկրներ են ժողովրդավարության ու միջազգային իմիջի առումով: Սա, իհարկե, որոշիչ գործոն չէ, բայց կարևոր է:

5. Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին Հայաստանի բնակչությունը պակասել է մոտ 300 հազարով: Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին ամիսներին Հայաստանի բնակչությունը ավելացել է 15000-ով: 2007 թվականից սկսած առաջին անգամ Հայաստանի բնակչությունը աճել է, այլ ոչ թե պակասել:

Այս ցանկը կարելի է շարունակել, բայց այսքանը դեռ բավարար է: Իհարկե, վերոնշյալը չի բացառում ոչ միջազգային ճնշումը, ոչ էլ ռազմական գործողությունների վերսկսումը, որը, անկախ Հայաստանում իշխող ռեժիմից, իրադարձությունների զարգացման ամենահավանական տարբերակներից է : Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ այս նոր իրողությունների պայմաններում մեր հաջողության շանսերը շատ ավելի մեծ են»։

Ստեփանակերտի մամուլի ակումբի ղեկավար և «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում կեսկատակ-կեսլուրջ դիտարկում է անում․

«Վերջում միջնորդներն ու հակամարտության մյուս կողմերը արցախյան կողմին խնդրելու-աղաչելու են և ապա ստիպելու-հարկադրելու են տեղ զբաղեցնել բանակցային սեղանի շուրջ։ Որովհետև իր սեփական կամքով չի գալու։ Շատ ավելի հարմարավետ վիճակ է, երբ դու անընդհատ ասում ես, որ պիտի մասնակցես բանակցային գործընթացին՝ այն հույսով, որ դա թույլ չեն տա։ Հարմարավետ, բայց անպատասխանատու»։

Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուղերձի հղման վայրը ճիշտ էր, ձևաչափը լավն էր, բուն ուղերձը՝ նույնպես։ Այս համատեքստում պատշաճ եմ համարում վերստին հիշեցնել «Արցախի մասին» ՀՀ օրենք մշակելու գաղափարը՝ կարգավորելու Հայկական առաջին պետության հանձնառությունները Արցախի բնակչության և Արցախի նկատմամբ»։

Արցախի պաշտոնական օղակները նույնպես կարծիքներ են հայտնել։ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «168 ժամ»-ի հետ զրույցում նշել է․ «Ճիշտ է, այլ տարբերակ չկա՝ պաշտոնական Արցախը պետք է մասնակցի պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներին, մտքերի փոխանակմանը, հարցերի քննարկմանն ու համաձայնագրերի պատրաստմանը»։

Իսկ Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը «Առավոտ»-ին  ասել է

«Արցախի՝ բանակցությունների սեղան վերադարձն առանցքային նշանակություն ունի հարցի կարգավորման և գործընթացի էֆեկտիվության առումով: Կարծում եմ՝ համանախագահ երկրները սա գիտակցում են, սակայն սա արագ լուծվող հարցերից չէ: Դրան հասնելու համար պետք է դեռևս երկար աշխատել»։

Ժաննա Պողոսյան

Լուսանկարում՝ Հայաստանի և Արցախի ԱԽ համատեղ նիստը, Ստեփանակերտ, մարտ 12, 2019