13 մարտ, 2019 18:06

Օպերայի սրճարանները չեն ցանկանում «կանաչել»

Մարտի 13-ին Օպերայի հարակից տարածքում մեկնարկել են որոշ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սրճարանների մի խումբ աշխատակիցներ բողոքի ցույց էին անում։ Փակել էին քանդող մեքենայի ճանապարհը և պահանջում էին «հացից չզրկել իրենց»։

Լարված իրավիճակ էր ստեղծվել ցուցարարների, ոստիկանների և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարության միջև։

Քննարկումների արդյունքում որոշվեց դադարեցնել քանդման աշխատանքները և ժամը 18։00-ին հանդիպում ունենալ Երևանի քաղաքապետարանում՝ սրճարաններից երկուական ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հավաստիացրեց՝ այնուամենայնիվ սրճարանները ապամոնտաժվելու են։

Երևանի քաղաքապետարանը ծրագրում է ընդլայնել կանաչ տարածքը Օպերայի շենքի շրջակայքում։