14 մարտ, 2019 16:59

Ալիևի հետ հանդիպմանը Փաշինյանը կարող է ցանկացած հարց բարձրացնել․ Մամեդյարով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը կարող է ցանկացած հարց բարձրացնել․ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանի արած այն հայտարարությունը, որ հետևողական քայլեր են ձեռնարկվելու Արցախը բանակցային գործընթացում ներգրավելու ուղղությամբ։ 

«Ես չգիտեմ՝ ինչն է լինելու առաջնահերթությունը [Փաշինյանի առաջնահերթությունը Ալիևի հետ հանդիպմանը]։ Նա թերևս կարող է ցանկացած հարց բարձրացնել։ Տվյալ դեպքում, բանակցությունների ձևաչափի շուրջ արտահայտվել են և Ադրբեջանի նախագահը, և Եվրամիության ներկայացուցիչները։ Տվյալ հարցով հայտարարություն են արել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Մամեդյարովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը համոզված է, որ «առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու Նիկոլ Փաշինյանին չի հաջողվելու իրագործել խոստացված տնտեսական հեղափոխությունը»։

«Ի սեր Աստծո, նրա սահմանները փակ են չորս պետություններից առնվազն երկուսի հետ, դրան գումարած՝ խնդիրներ մյուսների հետ։ Դա թերևս որպես առաջին քայլ՝ հասկանալու, որ անհրաժեշտ է բացել սահմանը և հաստատել բնականոն հարաբերություններ։ Բարիդրացիության հասկացությունը շարունակում է մնալ միջազգային իրավունքի հիմքերից մեկը»,- ասել է Մամեդյարովը։

Վերջինս մեկնաբանել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ադրբեջանի ժողովուրդը մենք ենք ձեզ հետ, ես դեռ չեմ զգում դա։ Չգիտեմ՝ դուք ինչպես։ Գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները։ Տվյալ դեպքում պետք է նայենք՝ շարժվում ենք, թե զբաղվում ենք դատարկաբանությամբ։ Բոլորն ամեն ինչ գիտեն, մնում է քաղաքական կամքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Նա տեղեկացրել է, որ ներկայում Բաքուն և Երևանը համաձայնեցնում են երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամկետները։ Դրան կարող է նախորդել արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

Կարդացե՛ք նաև՝

Հայաստանի կառավարությունը փորձում է «արգելափակել բանակցային գործընթացը», ըստ Ալիևի

 

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ոչ պաշտոնական հանդիպումը Դավոսում