14 մարտ, 2019 11:45

Հայաստանի կառավարությունը փորձում է «արգելափակել բանակցային գործընթացը», ըստ Ալիևի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը փոխելու Հայաստանի կառավարության փորձերն «անընդունելի են»։

«Հայաստանի կառավարությունը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը։ Դա ընդունելի չէ և հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի արգելափակման փորձ է»,- Interfax-ը մեջբերում է Ալիևին, որը ելույթ է ունեցել Բաքվում միջազգային համաժողովի ժամանակ։

Նա ասել է, որ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նույնպես հանդես են եկել բանակցությունների ձևաչափի փոփոխության դեմ։

«Բանակցությունները պետք է լինեն արդյունավետ, այլ ոչ թե հանուն բանակցությունների։ Դրանք պետք է հանգեցնեն ադրբեջանական բռնագրավված տարածքների ազատագրմանը»,- ասել է Ալիևը։

Վերջինս հերթական անգամ շեշտել է, որ ստատուս քվոն «անընդունելի է»։

***

Մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտեց Արցախի՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու կարևորությունը, նշեց, որ Հայաստանը պատրաստ է «շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ»։

Ստելլա Մեհրաբեկյան