15 մարտ, 2019 15:30

«ՄետԷքսիմը» հաստատում է՝ տրամվայի գծերի ջարդոն ՊՆ-ից ստացել է, բայց ոչ ամբողջը

«ՄետԷքսիմ» ընկերությունը հաստատում է ՍիվիլՆեթի տեղեկությունը, որ Երևանի տրամվայի ապամոնտաժումից հետո ընկերությունը պաշտպանության նախարարությունից ձեռք է բերել ռելսերի ջարդոններ, սակայն ոչ այն քանակությամբ, ինչը նշել է պաշտպանության նախարարությունը։

ՍիվիլՆեթը փետրվարի 27-ին հրապարակել էր «Երևանի՝ անհետ կորած տրամվայի ռելսերը» հետաքննական ֆիլմը։ Ֆիլմը պատմում է Երևանի տրամվայի վերացման ու ռելսերի վաճառքի մասին։ Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ տրամվայի ապագործարկումից հետո՝ 2005-2011 թթ. Երևանի քաղաքապետարանի ութ որոշումներով պաշտպանության նախարարությանն է հատկացվում 5689 տոննա տրամվայի ռելսերի ջարդոն։ Թեև պաշտպանության նախարարությունից հանրությանը վստահեցնում էին, որ ռեսլերը բանակի համար են, սակայն ՊՆ զորամասերում օգտագործվել է ընդամենը 136,7 տոննա ռելսերի ջարդոնը։ Այսինքն՝ ՊՆ-ին տրամադրածի ընդամենը 2,4 տոկոսը։ Մնացած 5552 տոննա ջարդոնը կամ 97,6%-ը պաշտպանության նախարարությունը կնքված ութ պայմանագրերով օտարել է «ՄետԷքսիմ» ՍՊԸ-ին։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթին պաշտոնապես հայտնել է պաշտպանության նախարարությունը։

«ՄետԷքսիմ»-ից ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան, հաստատեցին տեղեկությունը ռելսերի ջարդոնի փոխանցման և ընկերության սեփականատերի հետ Ազգային ժողովի նախկին պատգամավոր և ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի ազգակցական կապի մասին։ Ընկերության տրամադրած թվերը չեն համապատասխանում պաշտպանության նախարարության տրամադրած պաշտոնական տվյալներին։ Մասնավորապես ՊՆ-ից հաստատել էին, որ ընկերությանը փոխանցվել է 5552 տոննա ջարդոն, սակայն «ՄետԷքսիմը» հայտնում է միայն  3200 տոննա մետաղի ջարդոնի մասին։

«ՄետԷքսիմ»-ի ընկերության տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանի պատասխանը.

«Նշված ժամանակահատվածում մեր ընկերությունը ձեռք  է բերել պաշտպանության նախարարությունից ուղեգծերի տեսքով 3200 տոննա մետաղի ջարդոն։ Մեկ տոննան 32 000 դրամի արժեքով (այն ժամանակ 105 ԱՄՆ դոլարին համարժեք) առանց ԱԱՀ, որի գերակշիռ մասը վաճառվել է Հայաստանում մանրեցման գնդեր արտադրող այլ ընկերության՝ 33 750 դրամով։

Ցավոք, ՊՆ-ի հետ պայմանագիրը տրամադրել չենք կարող։ Ինչ վերաբերում է ֆիլմում, որպես փաստ հնչեցված կարծիքին, որ ուղեգծերը օգտագործվել են մեր ընկերության կողմից ամրան արտադրելու համար, ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրողությանը [Ֆիլմում նկարահանված տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքը։ Նա ասել է, թե «Գրիար» ընկերությունը, որը պատկանում է Հարությունյան ընտանիքին, զբաղվում է ամրանների արտադրությամբ - խմբ․]։

Ասեմ ավելին, ուղեգծերը բարձր ածխածնային պողպատից են, և դրանցից չի կարելի ամրան արտադրել (ածխածնի պարունակությունը գերազանցում է թույլատրելի շեմը՝ 2,5 անգամ)։ Եվ մեր ընկերությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին։

Միխայիլ Հարությունյանը հաստատում է փաստը, որ «Գրիար» ՓԲԸ-ի տնօրենը՝ իր եղբայր Գրիգորի Հարությունյանն է, իսկ Միհրան Պողոսյանը՝ քրոջ որդին, սակայն դա ի՞նչ կապ ունի նշված գործարքի կամ առավել ևս՝ տրամվայի գծերի ապամոնտաժման հետ։

Հիշեցնում ենք նաև, որ Միհրան Պողոսյանը 2004-ին չի զբաղեցրել Գլխավոր հարկադիրի պաշտոնը, ինչպես նաև հետաքրքրվում ենք, թե ինչ ճակատագիր ունեցան մյուս՝ 8100-5700 տոննա-2400 տոննա ուղեգծերը, որոնց մասին խոսվում էր ֆիլմում»։

«ՄետԷքսիմ»-ի ներկայացուցիչները ՍիվիլՆԵթի ֆիլմի վերաբերյալ դժգոհություն էին հայտնել փետրվարի 28-ին ՀԲԸՄ-ի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։ Նրանք նշում էին, որ ֆիլմում արտահայտված չի եղել իրենց տեսակետը։

***

ՍիվիլՆեթը պաշտպանության նախարարությանը խնդրել էր տրամադրել «ՄետԷքսիմ» ընկերության հետ կնքված պայմանագրերը, սակայն մերժում էր ստացել։ ՊՆ-ն պատճառաբանել էր, որ քրեական գործի շրջանակում դրանք տրամադրվել են նախաքննական մարմնին։

Հարցի առնչությամբ ՍիվիլՆեթը հարցումներ է ուղարկել իրավապահ մարմիններին։

Գևորգ Թոսունյան