15 մարտ, 2019 14:59

«Ռեստարտի» երկու անդամի մեղադրանք է առաջադրվել

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներից երկուսին՝ Դավիթ Պետրոսյանին  և Դավիթ Սիմոնյանին, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում (պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով): ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին ասաց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Ի սկզբանե դատախազությունը Նարեկ Մալյանի և «Ռեստարտ»-ի անդամների միջև տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական գործը հարուցել էր խուլիգանության հատկանիշներով:

Արևիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, ակտիվիստ Նարեկ Մալյանի և «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած դեպքը դեռ քննվում է։ Առայժմ «Ռեստարտ»-ի մնացած անդամներին մեղադրանք առաջադրվելու մասին տեղեկություններ չկան։

Մարտի 4-ին միջադեպ էր տեղի ունեցել «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամների և իշխանությունների քննադատ Նարեկ Մալյանի միջև։ Վերջինիս փորձել էին նետել աղբարկղը, սակայն միջադեպի վայր հասած ոստիկանները թույլ չեն տվել։

«Ռեստարտի» անդամների պնդմամբ՝ իրենք Մալյանին որևէ վնասվածք չեն հասցրել, չեն հայհոյել։ Մալյանը ինքն էլ հայտարարել էր, որ իրեն վնասվածք չի հասցվել։

Ոստիկանության բաժանմունքից ազատ արձակվելուց հետո երկու կողմերն էլ իրենց ֆեսյբուքյան էջերում ուղիղ եթերի միջոցով պատմել էին դեպքի մասին։

Սաթենիկ Հակոբյան