15 մարտ, 2019 12:42

Թբիլիսին և Երևանը դժգոհություններ են փոխանակել

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով: Ինչպես փոխանցում են Ազգային ժողովի և Վրաստանի նախագահի պաշտոնական կայքերը, Միրզոյանը Զուրաբիշվիլիին հայտնել է հայկական կողմի դժգոհությունը վերջինիս կողմից Բաքվում արած հայտարարությունների առնչությամբ, Վրաստանի նախագահն էլ իր հերթին ափսոսանք է հայտնել այն առթիվ, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակություններն այցելում են Վրաստանից անջատված Աբխազիա և Հարավային Օսիա։

«Հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքվում հնչեցրած որոշ ձևակերպումներ»

Ըստ ԱԺ պաշտոնական կայքի՝ ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձևաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:

«Ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակություններն այցելում են Աբխազիա և Հարավային Օսիա»

Վրաստանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սալոմե Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի ու Հայաստանի միջև խորհրդարանական հարաբերություններն առանցքային են։

«Դուք նշեցիք մեր համագործակցությունը հակամարտությունների կարգավորման հարցում, և դա շատ կարևոր է։ Տարածաշրջանային այս հակամարտությունները մեր համատեղ առաջընթացը խոչընդոտող ամենամեծ գործոնն են։

Ինչպես տեղյակ եք, Վրաստանի երկու հատվածները բռնագրավված են։ Խոսելով իմ երկրի շահերի մասին՝ Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության՝ ոչ միայն բանավոր, այլ գործնականում ճանաչումը մեր միակ առանցքային շահն է։

Ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի պատվիրակություններն այցելում են Աբխազիա և Հարավային Օսիա և երկու այս հակամարտությունները քննարկում որպես նույն տեսակի։ Սա շատ տխուր է և ցավալի մեզ համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ մատնանշելով, որ Աբխազիայի հայկական եկեղեցիները ենթարկվում են ռուս մետրոպոլիտին։ Վրաստանի նախագահը շեշտել է, որ օրենքի համաձայն՝ դա «իր երկրի տարածքային ամբողջականության խախտում է»։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ «իրենց անդրդվելի դիրքորոշումն այն է, որ այս հակամարտությունները կարող են կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով»։

«Մենք հետևում ենք այս քաղաքականությանը, չենք փոխում այն, և հավատացած ենք, որ այս տարածաշրջանում այլընտրանք չկա»,- նշել է Վրաստանի նախագահն ու հավելել, որ հակամարտությունները խորացնող ցանկացած բան հակասում է տարածաշրջանի շահերին։

Սալոմե Զուրաբիշվիլին խոսել է նաև Վրաստանի տարածքում բնակվող էթնիկ հայերի ու ադրբեջանցիների մասին՝ ասելով, որ «այդ հակամարտությունը կարող է նույնքան ցավալի լինել Վրաստանի համար, որքան Հայաստանի․ եթե այն տարածվի Վրաստանի տարածքում, կարող է կործանարար լինել Վրաստանի համար»։

***

Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Սալոմե Զուրաբիշվիլիի առաջին տարածաշրջանային այցը տեղի է ունեցել Բաքու: Փետրվարի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է հետևյալը. «Մենք միասին ենք վերադարձրել անկախությունը և վերջին տարիներին վերապրել միանման ողբերգություններ: Այսօր էլ զգում ենք, թե ինչ է նշանակում օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը խախտված է։ Օկուպացիոն գծերն այսօր էլ մեզ համար բաց վերք են, որը խոչընդոտում է մեր զարգացմանը, բայց չնայած այդ ողբերգություններին, մենք կարողացել ենք հզորացնել և զարգացնել մեր տնտեսությունները և շարունակել մեր ուղին որպես անկախ պետություն»։

Կարդացե՛ք նաև՝

Երևան՝ Բաքվի հայտարարություններից հետո․ Վրաստանի նախագահի այցին ընդառաջ

Ստելլա Մեհրաբեկյան