15 մարտ, 2019 17:15

Մոսկվան հայտնել է իր դիրքորոշումը բանակցային գործընթացում Արցախի ներգրավման հարցում

Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, բազմիցս արտահայտվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ձևաչափը փոխելու կապակցությամբ, ինչը կարող է տեղի ունենալ միայն կողմերի համաձայնության հիման վրա․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված է լինելու բանակցություններում, դա կլինի կողմերի որոշումը, և մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, այլ եռյակի մյուս անդամերի։ Ես նաև խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությանը, որում բավական հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցումներն այս հարցում»,- ասել է խոսնակը։ 

Պատասխանելով հայ լրագրողի հարցին, թե ՌԴ-ի համար արտաքին քաղաքականությունում ո՞ր սկզբունքն է ավելի կարևոր՝ տարածքային ամբողջականությո՞ւնը, թե՞ ազգերի ինքնորոշման իրավունքը, Զախարովան հայտարարել է․ «Դա նույնն է, ինչ մարդուն պահելով նշանառության տակ՝ հարցնել, թե որն է իր համար նախընտրելի՝ որ փամփուշտն անցնի գլխի ձա՞խ, թե՞ աջ մասով։ Կան բաներ, որոնք անքակտելիորեն կապված են։ Այս հասկացությունները չի կարելի դիտարկել առանձին-առանձին, միմյանցից անջատ»։

***

Մարտի 12-ին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում շեշտեց Արցախի՝ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին մասնակցելու կարևորությունը, նշեց, որ Հայաստանը պատրաստ է «շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ադրբեջանի ժողովրդի հետ»։

Հայկական կողմի ուղերձներին երեկ արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։