16 մարտ, 2019 20:00

Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններ․ լռելյայն մտերի՞մ

Բրիտանական Chatham House վերլուծական կենտրոնի կայքում հրապարակվել է ադրբեջանցի լրագրող, Միջազգային ճգնաժամային խմբի (Interrnational Crisis Group, ICG) փորձագետ Զաուր Շիրիևի հոդվածը՝ ռուս-ադբեջանական հարաբերությունների մասին։ Հոդվածը քննում է Ռուսաստանի և Արևմուտքի նկատմամբ Ադրբեջանի արտաքին քաղաքականության էվոլյուցիան, անդրադառնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ դիվանագիտական հրամայականներին և բերում առաջարկներ, թե ինչպես նվազեցնել ռիսկերը ադրբեջանա-ռուսական հարաբերություններում։

- Վերջին տարիների զարգացումները ցույց են տվել, որ Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար Ռուսաստանը ամենահեղհեղուկն է և ամենաքիչ հասկացվածը  արտաքին դերակատարների համար։ Ադրբեջանի քաղաքական վերնախավի տարբեր հատվածների դերը Ռուսաստանի հետ հարաբերությունները ձևավորելու հարցում և՛ չափազանցվել է, և՛ թերագնահատվել՝  ավելի անորոշ դարձնելով քաղաքական իրականությունը:

- 1991-ից հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը սկզբում գործում էր Ռուսաստանի և Արևմուտքի միջև «հավասարակշռման» մեխանիզմով: Ադրբեջանի իշխանությունը երկու կողմերի հետ էլ խուսափում էր ռազմական դաշինքներից և լիակատար տարածաշրջանային տնտեսական ինտեգրման ծրագրերից, սակայն էներգետիկ համագործակցության առումով նախապատվությունը տվել է Արևմուտքին, և չնայած անկախությունից հետո ռուսաստանամետ կողմնորոշմանը, հենվել է արևմտյան քաղաքական աջակցության վրա՝ Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։

- 2008-ից ի վեր Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի` տարածաշրջանային գործերից հարաբերականորեն հետ քաշվելը լուրջ հարված էր այս հավասարակշռությանը: Այն աստիճանաբար, հատկապես 2014 թ. Ղրիմի բռնակցումից հետո Ադրբեջանին ուղղորդեց Ռուսաստանին սիրաշահելու քաղաքականության և Արևմուտքի հետ իրական ինտեգրման մերժման: Այն ուղի հարթեց Ադրբեջանում ռուսական փափուկ ուժի վերահաստատման համար։ Տարածաշրջանի մասին Արևմուտքի անտեղյակությունը և Ադրբեջանի զարգացումները բացառապես պարզունակ, լիբերալ ժողովրդավարական ոսպնյակների միջոցով դիտելու միտումները կարող են նպաստել այդ ազդեցության աճի արագացմանը և խրախուսել իշխող էլիտայի շահագրգիռ խմբերին Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել:

- Թեև Ռուսաստանը Հարավային Կովկասում ամրապնդում էր իր ազդեցությունը, Բաքվի ղեկավարության պատասխանը ռազմավարական առումով թերի էր: Ադրբեջանը կարծում էր, որ կարող է օգուտ քաղել Ռուսաստանի աճող աշխարհաքաղաքական հաստատակամությունից, Ռուսաստանին, մասնավորապես, ընկալելով որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առանցքային դերակատար: Ադրբեջանի ղեկավարությունը սխալմամբ մտածում էր, որ Ռուսաստանը կփոխի իր վերաբերմունքը և կաջակցի հակամարտության՝ Ադրբեջանի օգտին կարգավորմանը: Արդյունքում Ադրբեջանը, որ մինչ այդ բացառում էր Ռուսաստանի տնտեսական ինտեգրացիոն և անվտանգության դաշինքներին միանալը, աստիճանաբար սկսեց դիտարկել իր անդամակցությունը (առնվազն տնտեսության ասպարեզում) որպես հավանական փոխզիջում, որը կնպաստեր Ղարաբաղի խնդրի կարգավորման իր օրակարգին։

- Ադրբեջանական իշխող էլիտայի շահագրգիռ որոշ խմբերի կողմից առաջ տարվող արտաքին քաղաքական ռազմավարությունը,  որը դիտարկում է Ռուսաստանի ղեկավարած տնտեսական կամ ռազմական դաշինքներին միանալը, սխալ կլիներ: Այս ռազմավարության կողմնակիցները չափազանցնում են Լեռնային Ղարաբաղի շուրջ տևական քաղաքական կարգավորման հասնելու Մոսկվայի կարողությունը, և թերագնահատում տեղում իրավիճակի փոփոխվող դինամիկան: Ավելի լավ այլընտրանքը կլիներ այն, որ Ադրբեջանը օգտվեր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում բացված հաշտեցման հնարավորություններից, հատկապես եթե վերջինս առաջարկի երկկողմ ուղղակի բանակցություններ: Սա կարող է սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը և հնարավոր դերը խաղաղության ցանկացած համաձայնության հարցում:

- Էներգետիկ հատվածից տնտեսական գերկախվածությունն ու տնտեսական և քաղաքական բարեփոխումների բացակայությունը հանգեցրել են նավթի գնից Ադրբեջանի ղեկավարության չափազանց մեծ կախվածությանը: Տնտեսական փլուզումը, եթե տեղի ունենա, երկիրը կարող է քաոսի մեջ ներքաշել, ինչն ավելի կմեծացնի Ռուսաստանի ազդեցությունը:

- Արևմուտքը կարող է Ադրբեջանին օգնել ամրապնդել դիրքերը կամ, առնվազն, պահպանել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական ավանդական հավասարակշռությունը՝ աջակցելով տարբեր ոլորտներում ռազմավարությունների մշակմանն ու ինստիտուցիոնալ բարեփոխումներին, տնտեսության բազմազանեցմանն ու Արևմուտքի հետ ինտեգրմանը, ինչպես նաև ավելի նրբանկատ մոտեցում որդեգրելով տարածաշրջանային դիվանագիտության հարցում։

- Ադրբեջանը նույնպես առաջիկա տարիներին պետք է ներքին կայունության հասնելուն և Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելուն ուղղված քայլեր անի: Դա պահանջում է քաղաքական և տնտեսական իրական բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական քաոսի ամենավատ հեռանկարներից՝ զանգվածային բողոքներից և/կամ տնտեսական փլուզումներից խուսափելու, այլև երկրի հանդեպ միջազգային վարկի վերականգնման համար, որը վերջին տարիներին վնաս է կրել:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Read the article in English