16 մարտ, 2019 21:40

Մենք չենք անելու որևէ բան, որը բանակցությունները փակուղի կտանի․ Մնացականյան

Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի կտանի, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։

Մարտի 15-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողի հարցին, թե արդյոք բանակցություններին Արցախի ներգրավումը, ինչը կարևորում է Հայաստանը և մերժում Ադրբեջանը, չի՞ կարող տանել փակուղու, Մնացականյանը պատասխանել է․

«Մենք չենք անելու որևէ բան, որը փակուղի կտանի: Որովհետև մենք մնում ենք հավատարիմ գործընթացի խաղաղ կարգավորմանը, սա շատ էական հարց է: Եվ մենք շատ վճռական շարժվելու ենք այդ ուղղությամբ: Եվ այստեղ խոսքը գնում է շատ կոնկրետ, պրակտիկ հարցերի մասին: Պրագմատիկ, սկզբունքային հարց է՝ ընդունելու, որ Լեռնային Ղարաբաղը ունի որոշիչ ձայն և ներգրավվածություն: Սա նորություն չէ, բայց դրան զուգահեռ, որպեսզի մենք արդյունավետ աշխատենք բանակցային գործընթացն առաջ տանելու ուղղությամբ, մեզ պետք է պրակտիկ առումով ընդունել, որ այդ որոշիչ ձայնի, ներգրավվածության արտահայտումը պետք է հաշվի առնվի այն առումով, որ մենք բանակցային գործընթացի մեջ կարողանանք արդյունավետ աշխատել: Մենք այսօր բանակցում ենք և՛ Արցախի հետ, և Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ադրբեջանի հետ: Եվ այդ առումով շատ ավելի գործնական և արդյունավետ է, երբ մենք կկարողանանք համալրել բանակցային գործընթացը այնպես, որպեսզի արդյունավետության առումով  կարողանանք ապահովել բանակցային գործընթացի այդ համապարփակությունը: Նորից եմ կրկնում, սա, սկզբունքային կարևոր հարց է, սա նախապայման չէ, և մենք ցանկանում ենք քննարկել և գտնել լուծումներ»:

Մնացականյանը պատասխանել է նաև հարցին, թե արդյոք բանակցությունների սեղանին հիմա դրված են Մադիրիդյան սկզբունքները։

«Մենք ասում ենք, որ մենք ունենք տարբեր հարցեր, և արդյոք դուք նկատի ունեք երեք սկզբունքները և վեց տարրերը։ Կա ձևավորված բանակցային շրջանակը։ Եվ հիշում եք, որ վարչապետը հստակ արձանագրել է, որ կարևոր խնդիրներից մեկը, թե ինչպես են դրանք մեկնաբանվում և ինչպես են ընկալվում: Մենք այդ առումով, շատ լավ գիտեք, հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություններ ունեն Հայաստանի համար կարգավիճակի և անվտանգության խնդիրները, որոնք իրենց արտահայտությունն են գտել այդ երեք սկզբունքների և վեց տարրերի նշված փաստաթղթում, որոնք հայտնի են և որոնց մասին հիշեցրեցին վերջերս։

Եվ այդ առումով գիտեք՝ որքան հստակ ենք մենք եղել մեր մոտեցումներում, որոնք վերաբերում են առաջին հերթին ստատուսին և անվտանգությանը։ Մենք ունենք մեր մոտեցումները, որոնք վերաբերում են նրան, թե ավելի արդիական և ավելի արդյունավետ, պրակտիկ աշխատելու առումով ինչ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ներգրավվածության և որոշիչ ձայնի հարցը և նույնպես նշանակում է, որ սա պետք է դիտվի ոչ թե որպես նախապայման, այլ արդյունավետությանն ուղղված գաղափար, մոտեցում։ Ինչպես նաև մենք անդրադարձել ենք հարցերին, որոնք վերաբերում են խաղաղությանը նպաստող միջավայրին և այդ առումով նույնպես վարչապետն արտահայտվել է բավական համարձակ, և բնական է, որ խաղաղությանը նպաստող ազդակների փոխանակումը մնում է օրակարգում։ Այո՛, Հայաստանի վարչապետն ունեցել է համարձակություն ասելու այն, ինչ վերաբերում է Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար ընդունելի լուծում գտնելուն, և դա միակողմանի ճանապարհ չի կարող լինել: Եթե մենք իրապես ուզում ենք նպաստել այդ գործընթացին, ապա ներդրումը պետք է լինի յուրաքանչյուր կողմից։

Այս հարցերը և մնացած այլ դիրքորոշումները մենք արտահայտել ենք միասնական փաթեթի մեջ. մեկը մյուսից չտարանջատված և միասնական փաթեթի մեջ արտահայտվում են այն մոտեցումները, որոնք ձևավորվել  են հայկական կողմից և որոշ չափով մենք հասկանում ենք, որ կան մեր կողմից արտահայտված որոշ նոր գաղափարներ,, որովհետև գործում է, այսպես ասած, 20 տարվա ձևաչափը և տարբեր գաղափարներ ձևավորվում են այն ժամանակ, երբ մենք խոսում ենք այս մեր նոր մոտեցումներով, նոր տրամադրությամբ և վստահությամբ փորձել զարկ տալ, աջակցել նրան, որ կարողանանք իրապես արդյունավետ շարժվել առաջ այս բանակցային գործընթացում։ Սա է մեր տրամաբանությունը»։

Ճեպազրույցի սղագրությունն ամբողջությամբ՝ ԱԳՆ կայքում

Մարիա Եղիազարյան