17 մարտ, 2019 12:17

Նիկոլ Փաշինյանը բանաստեղծություն է գրել

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղ այցելությունից տպավորված գրել է բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրել է՝ «Ռանչպար»։

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ, 
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր, 
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես, 
Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝
Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես
Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից, 
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք, 
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ, 
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք, 
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ, 
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ, 
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան, 
Տառապանքի մութ հատակից այս անողոք, 
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության։

«Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին»,- նշել է վարչապետը:

 


 
Վարչապետը մարտի 16-ին անակնկալ այցով մեկնել էր Հայաստանի գյուղերից մեկը՝ այցի մասին չզուշացնելով մարզպետին անգամ։