18 մարտ, 2019 18:50

Ռուսաստանում կպատժվեն կեղծ լուրերի տարածման և իշխանությանը վիրավորելու համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է կեղծ լուրերի արգելափակման և համացանցում իշխանություններին վիրավորելու համար պատժի մասին օրենքները։ Ինչպես հաղորդում է «Դոժդ» հեռուստաալիքը, համապատասխան փաստաթղթերը հրապարակված են իրավական տեղեկատվության պորտալում։

Ավելի վաղ այդ օրենքներն ընդունել են Դաշնության խորհուրդն ու Պետական դուման։ Փոփոխություններ են մտցվել «Տեղեկատվության մասին» օրենքում և վարչական իրավախախտումների օրենսգրքում։

Դրանց համաձայն՝ Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) «անհապաղ» արգելափակելու է կայքերը, որոնք տարածում են «հանրային նշանակության ոչ հավաստի տեղեկություններ»՝ «հավաստի հաղորդագրության տեսքով», համացանցում իշխանությունների հանդեպ «անթաքույց անհարգալից» բովանդակությամբ հրապարակումների համար էլ նախատեսված են տուգանքներ և ազատազրկում՝ մինչև 15 օր ժամկետով։ Նման հրապարակումները հեռացվելու են Ռոսկոմնադզորի պահանջով։ Մերժելու դեպքում կայքերը կանգնելու են արգելափակման վտանգի առաջ։ Կեղծ լուրերի հրապարակման համար նախատեսված են տուգանքներ՝ մինչև 1,5 մլն ռուբլիի չափով։