18 մարտ, 2019 11:55

Սորոսի քննադատ Հայկ Բաբուխանյանը Սորոսի դրամաշնորհ է ստացել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը «Սորոսի հիմնադրամից» ստացել է անհատական դրամանշնորհ՝ Բուդապեշտում գիտաժողովի մասնակցելու համար։ Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրին «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպությունից, որը շատերին հայտնի է որպես «Սորոսի հիմնադրամ», քանի որ կազմակերպության հիմնադիրն ու ֆինանսավորողը հունգարական ծագումով ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսն է։

Հայկ Բաբուխանյանը, ի թիվս այլ գործիչների, «Սորոսի հիմնադրամի» քննադատներից է։

Վերջերս «Բաց հասարակության հիմնադրամների» տնօրեն Լարիսա Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով իրենց հասցեին հնչող քննադատությանն ու մեղադրանքներին, հայտարարել էր, որ իրենց հիմնադրամից ֆինանսավորում են ստացել նաև ԱԺ նախկին պատգամավորներ, օրինակ՝ Հայկ Բաբուխանյանը, Գևորգ Կոստանյանը, Կարեն Բեքարյանը, Արա Բաբլոյանը։

«Ձեր սահմանումով նրանք սորոսականեր են»,- հայտարարել էր Մինասյանը։  

Բաբուխանյանը հերքել էր այս տեղեկությունը։ «Հայտարարում եմ, որ ես երբեք չեմ ֆինանսվորվել կամ օգտվել Սորոսի հիմնադրամից: Այդ կեղտոտ փողերի հետ երբեք գործ չեմ ունեցել»,- գրել էր նա։

Սակայն  «Բաց հասարակության հիմնադրամները» նշում է, որ Բաբուխանյանը ստացել է անհատական դրամաշնորհ՝ 2000թ․ սեպտեմբերի 29-30-ը Բուդապեշտում Միջազգային քրեական դատարանի գիտաժողովին մասնակցելու համար։

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին ևս դրամաշնորհ է տրվել 2014թ․ նոյեմբերի 16-21-ը Հռոմում Պեդիատրիկ պալատիվ խնամքի 2-րդ Եվրոպական կոնգրեսին մասնակցության համար։

Դրամաշնորհ է ստացել նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ի ղեկավար Կարեն Բեքարյանը։

ՍիվիլՆեթը անդրադարձել է, թե ովքեր և ինչ նպատակներով են դրամաշնորհներ ստացել «Բաց հասարակության հիմնադրամներից», և ինչ գործեր են արել։

Անի Գրիգորյան