19 մարտ, 2019 13:48

Ադրբեջան․ իրական բարեփոխումնե՞ր, թե՞ նմանակում

Ադրբեջանում արդեն մի քանի ամիս է՝ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք վերլուծաբաններին ստիպում են բանավիճել այն հարցի շուրջ, թե արդյոք դրանք ազդարարում են իրական և լուրջ բարեփոխումների մասին, թե ընդամենը դրանց նմանակում են։ Նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնք միտված են սոցիալական վիճակի բարելավմանը՝ ֆիզիկական անձանց խնդրահարույց վարկերի ներում, ղարաբաղյան պատերազմում զոհվածների ընտանիքներին հատուցման վճարում, ուսանողական թոշակների բարձրացում և այլն։ Տարեսկզբին փոփոխություններ են մտցվել նվազագույն աշխատավարձի փոփոխության մասին հրամանագրում։ Փետրվարին հարցազրույցներից մեկում Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2019-ը լինելու է Ադրբեջանում «բարեփոխումների նոր փուլի տարի»։ Բարեփոխումների նպատակը, ըստ Ալիևի, Ադրբեջանը «ժամանակակից ու զարգացող երկրի վերածելն է»։

Ինչպես գրում է BBC-ի ռուսական ծառայությունը, կառավարությունը խրախուսում է բնակչությանը օրինականացնել եկամուտները, փորձում է նպաստել փոքր և միջին բիզնեսին, Ալիևը հարցազրույց է տվել տեղական լրատվամիջոցի, այցելել է շրջաններ և շփվել բնակչության հետ։ Փոխվել են նաև քաղաքական ակտիվիստների ձերբակալության ժամկետները։ Որոշները, ինչպես օրինակ, բլոգեր Մեհման Հուսեյնովն ու ակտիվիստ Մամեդ Իբրահիմն, ազատ են արձակվել։ Օրերս էլ Նովրուզ տոնի կապակցությամբ Ալիևի հրամանով ներում է շնորհվել ավելի քան 400 դատապարտվածի, որոնց թվում՝ մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ։

«Թավշյա հեղափոխության» էֆե՞կտ

Որքանո՞վ է լուրջ այս ամենը՝ այս հարցի շուրջ վիճում են վերլուծաբանները։ Ինչպես նկատում է BBC-ն, փորձագետներն ու պաշտոնյաները մի բանում համամիտ են՝ Ադրբեջանը մտել է հետնավթային շրջան։ Նավթի արդյունահանման նվազումն ու նավթի գների անկումը հանգեցրել են մի շարք տնտեսական և սոցիալական հետևանքների, որոնք ստիպել են կառավարությանը գիտակցել՝ տնտեսության բազմազանեցումը հույժ կարևոր է։

«Ադրբեջանում կառավարման առանձնահատկություններից ելնելով՝ առաջնորդի լեգիտիմության արտաքին աղբյուրները պակաս կարևոր չեն (եթե ոչ ավելի կարևոր), քան ներքինները»,- գրում է պարբերականը ու ընդգծում, որ Ադրբեջանը ենթարկվում է նաև տարածաշրջանային ճնշման․ «Թավշյա հեղափոխությունն ու Հայաստանում իշխանափոխությունը անակնկալի բերեցին Բաքուն, որտեղ ամենաքիչն էին սպասում հարևան երկրում իշխանության փոփոխություն՝ Ռուսաստանից Երևանի մեծ կախվածությամբ պայմանավորված»։

Առկա է նաև Ադրբեջանի հետ կապված կոռուպցիոն մեծ սկանդալների գործոնը, ինչպիսին էր, օրինակ «Ադրբեջանական լվացքատունը»։

Ներվերնախավային պայքա՞ր

Ադրբեջանցի լրագրող, JAMnews կայքի քաղաքական վերլուծաբան Շահին Ռզաևը Ֆեյսբուքում հրապարակել է մեկնաբանություն՝ հետևյալ հարցադրմամբ՝ «Ադրբեջանական նոր «ձնհալը» կլինի հերթակա՞նը»։

«Ադրբեջանում մոտ 50 քաղբանտարկյալի ներում շնորհելը դարձավ արդբեջանական իշխանությունների կողմից հերթական, թերևս ամենաաղմկահարույց և անսպասելի օղակը այն որոշումների շղթայում, որոնք միտված են ժողովրդի հետ մերձեցմանը։ Ինձ համար գլխավոր հարցն այն է, թե ինչ է ստիպել Իլհամ Ալիևին  իշխանության գալուց հետո 16 տարի անց նման կարճ ժամանակահատվածում լուծել «կենսական կարևորության» այդքան շատ հարցեր։ Տպավորություն է, որ նախագահի իմիջմեյքերին փոխել են նոր տարում։ Հիշենք։ Նա այցելում է երկրաշարժի գոտի, անձամբ հանդիպում է տուժած ընտանիքներին, առաջին անգամ հարցազրույց է տալիս տեղական հեռուստաալիքի, հրամայում է հատուցել բանկային վարկերը, բարձրացնում է նվազագույն աշխատավարձը, այլ սոցիալական նպաստներ և, ամենակարևորը, հայտարարում է քաղաքական անհաշտ հակառակորդներին ներում շնորհելու մասին։ Ես չեմ կարող գտնել գլխավոր հարցի պատասխանը՝ ի՞նչն է դրդել Իլհամ Ալիևին կիսով չափ թեքվել դեպի ժողովուրդը։ Կամ ինչ-որ սուրբ է տեսել երազում, կամ նոր զիլ խորհրդական է ձեռք բերել։ Ամեն դեպքում, ես չեմ հավատում ավելի վաղ հնչեցրած վարկածներին՝ Արևմուտքի ճնշում, բողոքի ցույցի էֆեկտ, նավթը վերջանում է, պատրաստվում է ղարաբաղյան կարգավորման պլան և այլն։ Այդ ամենը մենք անցել ենք։

Իմ կարծիքով՝ ամենահավանական պատճառը ներվերնախավային պայքարն է։ Եվ իշխանության ու ունեցվածքի համար առաջիկա պայքարում Ալիևի ու նրա ընտանիքի գլխավոր մրցակիցը լինելու է ոչ ընդդիմությունը, ոչ Արևմուտքը, ոչ հայերը, այլ երեկվա գործընկերները։ Եվ հնարավոր է՝ ժողովրդի աջակցությունը այդ պայքարում փաստարկներից մեկն է»։

Կարդացե՛ք նաև՝

Ինչպես ադրբեջանական հանրությունն արձագանքեց Թավշյա հեղափոխությանը․ զրույց Շահին Ռզաևի հետ

Ադրբեջանում վերջին շաբաթների զարթոնքը հույս է ներշնչում․ ադրբեջանցի բլոգեր Արզու Գեյբուլլաևա