19 մարտ, 2019 16:43

Պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ. Նիկոլ Փաշինյան

Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ. hայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայկական և ադրբեջանական կողմերում պահվող քաղաքացիներին փոխանակելու հնարավորության մասին։

Մարտի 19-ին Մատենադարանում հրավիրված ասուլիսին լրագրողը հարց ուղղեց վարչապետին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իր առաջիկա հանդիպմանը որպես փոխվստահության ամրապնդմանն ուղղված քայլ քննարկվի Հայաստանում և Ադրբեջանում պահվող բոլոր քաղաքացիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

«Նախկինում գոյություն է ունեցել պրակտիկա, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ Լեռնային Ղարաբաղը մեկ շաբաթվա ընթացքում հանձնել են սահմանը հատած, մոլորված մարդկանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այդ պրակտիկան ընդհատվել է, երբ ադրբեջանցի զինված մարդիկ մտել են հայկական տարածք, և սպանություններ են տեղի ունեցել։

2014-ին ադրբեջանցի երկու դիվերսանտ մտել էր հայկական տարածք, սպանություններ կատարել։ Արցախի դատարանը նրանցից Շահբազ Գուլիևին դատապարտել է 22 տարվա ազատազրկման, իսկ Դիլհամ Ասկերովին՝ ցմահ ազատազրկման։ 2019թ․ մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը հատելիս ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը։ Ադրբեջանում գերության մեջ են Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Զավեն Կարապետյանը և Կարեն Ղազարյանը։ Վերջինին, որ մեծ հավանականությամբ մոլորվել-հայտնվել է ադրբեջանական կողմում, ադրբեջանական դատարանը փետրվարին դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ որպես դիվերսանտ։

Անդրադառնալով «բոլորը բոլորի դիմաց» փոխանակման հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Մենք պատրաստ ենք մոլորված մարդկանց փոխանակել մոլորված մարդկանց հետ։ Հիմա մենք էլ ունենք իրենց մոտ մոլորված [նկատի ունի Կարեն Ղազարյանին - խմբ․], իրենց վարկածով՝ դիվերսանտ, որ իրենք քսան տարվա ազատազրկման են դատապարտել»։

Խոսելով մարտի 16-ին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցու մասին՝ Փաշինյանն ասաց, որ քննություն կգնա՝ պարզելու՝ նա դիվերսանտ է, թե սովորական քաղաքացի։ Վարչապետն ընդգծեց, որ շատ էական է, թե սահմանի մյուս կողմում հայտնված քաղաքացիների գործողությունից մարդ սպանվել է, թե ոչ։

«Այն մարդկանց պարագայում, որոնց գործողությունից մարդ չի սպանվել,- նույնիսկ չեմ ասում՝ տուժել, այսինքն՝ անվերականգնելի ինչ-որ բան տեղի չի ունեցել,- մենք պատրաստ ենք այդ հարցը քննարկել»,- նշեց վարչապետը։

***

Մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանագոտում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը։ Հայ դիրքապահները կրակել են նրա ոտքին, վնասազերծել և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Հիբրագիմովին այցելել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և քննարկել նրա՝ հարազատներին տեսակցելու հնարավորությունը։

Ադրբեջանը հայտարարել է, որ հայկական կողմում հայտնված իր քաղաքացին հոգեկան խանգարումներ ունի, երկրորդ խմբի հաշմանդամություն ունի։

2018-ի հուլիսին բերդավանցի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում։ 2019-ի փետրվարին Գյանջայի դատարանը նրան դատապարտեց 20 տարվա ազատազրկման՝ մեղադրելով դիվերսիայի փորձի մեջ։

Կարեն Ղազարյանի ընտանիքը և գյուղացիները պարբերաբար բողոք են ներկայացրել միջազգային ատյաններին և Հայաստանի կառավարությանը, փակել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։

Դիտե՛ք Կարեն Ղազարյանի մասին ՍիվիլՆեթի պատրաստած ֆիլմը։

Լիլիթ Աբովյան