19 մարտ, 2019 11:23

Սամվել Բաբայանն առաջարկում է Արցախը դնել Ռուսաստանի մանդատի ներքո, Ստեփանակերտը հակադարձում է

Արցախի խորհրդարանական ուժերն արձագանքել են ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման համար Արցախը պետք է մանդատային տարածք դառնա՝ Ռուսաստանի Դաշնության ներքո: Այս մասին Բաբայանը հայտարարել է 24 News-ին տված հարցազրույցում։

Ինչպես հաղորդում է Արցախպրեսը, Արցախի Խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերը քննադատաբար են արձագանքել Սամվել Բաբայանի հայտարարությանը։

Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանի խոսքով՝ մանդատային տարածքի գաղափարը անընդունելի և վտանգավոր է:

«Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար, Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների»,- ասել է Հ. Խանումյանը և շեշտել, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության համար բացի Հայաստանի Հանրապետությունից, Արցախի ենթակայությունը այլ պետության կամ կազմակերպության անընդունելի է:

Խորհրդարանական ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին՝ ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծվել էր Հատուկ կառավարման կոմիտե, որը երկրամասը վերածել էր յուրօրինակ մանդատային տարածքի: Սակայն ժամանակը ցույց է տվել, որ դա չի կարող արդյունավետ լինել:

«Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը, պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Արցախի ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը:

«Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո: Անշուշտ, հարգում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տեսակետը, առավել ևս, որ նա համանախագահ պետություն է, բայց մենք կառուցում ենք մեր երկիրը, և այլընտրանք լինել չի կարող»,- ավելացրել է Վ. Բաղրյանը:

Իսկ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանի խոսքով՝ ամեն մի ազգի համար ամենամեծ արժեքը նրա պետականությունն է, և պետք է ձգտել պայքարել, որպեսզի այդ պետականությունը լինի անսասան:

«Մեր բազմադարյա պատմության մեջ, երբ ունեցել ենք պետականություն, հնարավորություն է ստեղծվել, որպեսզի ազգային ինքնատիպ մշակույթը զարգանա, քաղաքական համակարգը կատարելագործվի, տնտեսությունը վերելք ապրի: Այս տեսանկյունից, կարծում եմ, որ այն հաղթանակները, որոնք կերտել ենք, միայն ու միայն սեփական ուժերի վրա հենվելու միջոցով են ստացվել: Արցախյան ազատագրական պայքարի հաջողությունը ևս դրանով էր պայմանավորված: Անհրաժեշտ է մատաղ սերնդին, և, ընդհանրապես, հանրությանը մշտապես ներկայացնել այդ գաղափարը»,- նշել է Վ. Բալայանը:

Իսկ ընդդիմադիր «Շարժում-88» խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղունցի կարծիքով, առհասարակ ընդունելի չէ ցանկացած ձևի խաղաղապահ ուժերի ներկայությունը թե՛ Արցախի տարածքում, թե՛ սահմանին:

«Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ չի կարելի երկրի, ժողովրդի անվտանգությունը դնել խաղաղապահ ուժերի վրա: Մենք ապացուցել ենք, որ ինքներս ի վիճակի ենք ապահովել մեր երկրի անվտանգությունը, և հետագայում նույնպես անհրաժեշտ է ունենալ նման քաղաքականություն: Կարծում եմ՝ ցանկացած ոտնձգություն, որը սպառնում է թեկուզ և մեկ զինվորի, մեկ քաղաքացու կյանքին, պետք է ընդունենք որպես լուրջ մարտահրավեր, և այնպես անենք, որպեսզի ապահովվի մեր անվտանգությունը»,- ասել է Գ. Բաղունցը:

Սամվել Բաբայանի հայտարարությանն արձագանքել է նաև Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։