20 մարտ, 2019 09:45

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Նազարբաևի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որը մարտի 19-ին հայտարարել էր, որ այլևս չի զբաղեցնելու այդ պաշտոնը՝ մնալով միայն երկրի անվտանգության խորհրդի նախագահի և իշխող՝ «Նուր Օթան» կուսակցության ղեկավարի պաշտոններին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքի՝ Փաշինյանն ընդգծել է Ղազախստանի առաջընթացի և զարգացման ապահովման գործում նախագահ Նազարբաևի անգերագնահատելի դերակատարումը և եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացների կայացման գործում ունեցած նրա մեծ ավանդը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև գոյություն ունեցող բարեկամական գործակցությունը և նախագահ Նազարբաևի հետ ձևավորված անձնական հարաբերությունները:

Նա հաջողություններ է մաղթել նախագահ Նազարբաևին իր հետագա գործունեության մեջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել Աստանայում՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթաժողովի շրջանակում:

***

Երեկ հայտնի է դարձել, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը վայր է դնում իր լիազորությունները։ Նախագահի պարտականությունները մինչև նոր նախագահի ընտրությունը կկատարի Սենատի խոսնակ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նազարբաևը 78 տարեկան է։ Նա Ղազախստանը ղեկավարում էր 1990-ից։ 2007-ին խորհրդարանը նրան նախագահի պաշտոնում անսահմանափակ առաջադրվելու իրավունք տվեց։ Նախագահի նախորդ ընտրությունները տեղի էին ունեցել 2015-ին, Նազարբաևը ստացել էր 97,5 տոկոս ձայն։ Նրա նախագահության ժամկետը լրանում էր 2020թ․։