21 մարտ, 2019 15:14

Ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես ՀՀ քաղաքացու օր

Թավշյա հեղափոխության արդյունքում համաժողովրդական շարժման հաղթանակի կապակցությամբ ապրիլի վերջին շաբաթ օրը կնշվի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր։ Այս կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Ֆեյսբուքում։

«Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:

Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի եւ պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:

Իսկ թե հատկապես ինչպես է պետք նշել այդ օրը՝ կարծում եմ պիտի որոշվի նաեւ հանրային, համացանցային քննարկումների արդյունքում:

Հ.Գ. Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, այդ տարի Քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»: