21 մարտ, 2019 19:25

Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումների պատմությունից

Հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ և սև։ Արցախյան օրագիր» գրքից

Պատերազմի տարիներին Հայաստանը փորձում էր միջազգային հանրությանը ներկայացնել, որ հակամարտությունը ԼՂ-ի և Ադրբեջանի միջև է: Թե ինչքանով էր հաջողվում, այլ հարց է, բայց փաստ է, որ մինչև 1997թ. Ղարաբաղը ռազմաքաղաքական գործոն էր, որի հետ հաշվի էր նստում նաև Բաքուն, հատկապես պատերազմի դաշտում կրած անհաջողություններից հետո: Երբ Ադրբեջանը ստիպված էր լինում ուղիղ շփումների մեջ մտնել Ղարաբաղի հետ, ապա ձգտում էր պահել գաղտնի, որպեսզի միջազգային հանրության և հայկական կողմի մոտ դա չընկալվի որպես Ղարաբաղը թեկուզ անուղղակի ճանաչելու միտում:

Ստեփանակերտի և Բաքվի միջև առաջին ուղիղ, խորհրդապահական շփումները կայացել են 1992թ. սեպտեմբերի 15-ին Մոսկվայում. հանդիպել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Հիքմեթ Հաջիզադեն և ԼՂՀ ՊՊԿ ղեկավարի խորհրդական Արկադի Ղուկասյանը: 1993-ի ապրիլի կեսերին, կրկին Մոսկվայում, փակ դռների հետևում կրակի դադարեցման շուրջ քննարկումներ են ունեցել Հաջիզադեն, Շահնազարյանը և Ղուկասյանը:

Ռուսական կողմն Ադրբեջանին հորդորում էր ուղղակի շփումներ հաստատել ԼՂ-ի հետ, ինչին Բաքուն գնում էր դժկամությամբ: Սակայն բավական էր անհաջողությունը մարտական գործողությունների ընթացքում, և Ադրբեջանը, անգամ չտեղեկացնելով Ռուսաստանին, շփումների մեջ էր մտնում ԼՂՀ ղեկավարության հետ: Այս իմաստով «ամենակառուցողականը» Հեյդար Ալիևն էր, հատկապես 1993-ի ամռանը, երբ խաղաղությունը նրան (իշխանությունը ամրապնդելու իմաստով) անհրաժեշտ էր օդի ու ջրի պես:

1993թ. հունիսի 27-ին, ինչպես գրում է Կազիմիրովը, տեղի է ունենում առաջին հեռախոսազրույցը. Սաֆար Աբիևը զանգահարում է Ստեփանակերտ` Սերժ Սարգսյանին: Աղդամի կորցնելու հաջորդ օրը հեռախոսազրույցներ են ունենում Աբիևի ու Բաբուրյանի, ինչպես նաև` Աբիևի ու Բաբայանի միջև. պայմանավորվածություն է ձեռք բերվում երեք օրով դադարեցնել կրակը: Կողմերը պայմանավորվածությունը ձևակերպում են թղթի վրա և միմյանց ուղարկում ֆաքսով:

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները ԼՂ իրենց գործընկերներին դիմում էին տարբեր ձևերով: Այսպես, Աբիևը առաջին ֆաքսը Բաբուրյանի անունով ուղարկում է` ստորագրելով հետևյալ կերպ. «ՀՀ Գերագույն խորհուրդ, պարոն Կ. Բաբուրյանին»: Ստեփանակերտից պատասխան ֆաքսում գրվում է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում պայմանավորվածություն ձեռք կբերվի «Ադրբեջանի և  Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպման ընթացքում»: Հուլիսի 25-ին Բաբայանին ուղարկած ֆաքսում Աբիևը այլ բառեր է օգտագործում. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարություն, բանակի հրամանատար Ս. Բաբայանին»:

Հուլիսի 28-ին Մարտակերտի հատվածում տեղի է ունենում «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց» հանդիպումը` գլխավորությամբ Աբիևի և Ս. Սարգսյանի: Բանակցությունների ընթացքում որոշվում է երկարաձգել հրադադարը, կարգավորել ռազմագերիների և երկկողմ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր: Ստեփանակերտ և Բաքու վերադարձից հետո, կրկին ֆաքսի միջոցով, ստորագրվում է կրակի դադարեցումը երկարաձգելու փաստաթուղ, որն անվանվում է «համաձայնագիր», իսկ Աբիևի և Սարգսյանի ստորագրությունների տակ գրված էր համապատասխանաբար «Ադրբեջանի կողմից» և «Լեռնային Ղարաբաղի կողմից»:

Աբիևը, որը մայիսյան հրադադարից հետո դարձավ ամենառազմատենչ ադրբեջանցի պաշտոնյան, 93-ի օգոստոսի 4-ին հերթական ֆաքսն էր ուղարկում «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին»՝ առաջարկելով ևս տասն օրով երկարաձգել կրակի դադարեցման պայմանավորվածությունը և նախապատրաստվել «Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ղեկավարների հանդիպմանը»:

Նույն տարվա սեպտեմբերին, երբ Բաքուն արդեն կորցրել էր վեց շրջան, Ալիևը խորհրդարանի փոխնախագահ Աֆիյադդին Ջալիլովին լիազորեց “Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների միջև հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցություններ վարել՚: Կազիմիրովը կարդալով «ԼՂՀ» ձևակերպումը, անմիջապես զանգահարում է Ալիևին և տեղեկացնում ավելորդ «Հ» տառի մասին: Քիչ անց ռուս միջնորդը ֆաքսով ստանում է նոր թուղթ, որի վրա արդեն գրված էր «ԼՂ»։ «Սխալ»  «ԼՂՀ» ուղղագրությամբ ֆաքսը արդեն ուղարկվել էր նաև Ստեփանակերտ, սակայն ղարաբաղյան ղեկավարությունը դա չշահարկեց:

Սեպտեմբերի 12-13-ին Ռուսաստանի ԱԳՆ շենքում տեղի է ունենում հանդիպում Ջալիլովի և  Ղուկասյանը միջև, բանակցությունների արդյունքում ընդունվում է համատեղ հուշագիր: Կողմերը պայմանավորվեցին կրակը դադարեցնել մինչև հոկտեմբերի 5-ը: Հրադադարը պահպանվեց, ապա երկարաձգվեց ևս մեկ ամսով, սակայն հոկտեմբերի 21-ին ռազմական գործողությունները վերսկսվեցին: Այսպես, հրադադարը պահպանվեց ամբողջ հիսուն օր:

Մոսկվայում սեպտեմբերի 25-ին կայացան բանակցություններ Տեր-Պետրոսյանի և Ալիևի, ապա խորհրդապահական հանդիպում` Ալիևի ու Քոչարյանի միջև: «Այդ հանդիպմանը մենք պատրաստվում էինք գաղտնի: Հենց այդ ժամանակ սկսվում են արևմտյան մեր գործընկերների մանր խարդավանքները: Իմանալով, որ Մոսկվայում նախատեսված է նման հանդիպում, նրանք այդ օրերին Մինսկի խմբի հանդիպում են նշանակում Փարիզում: Քոչարյան-Ալիև հանդիպման միայն վերջին րոպեներին եմ ներկա եղել: Հետո Քոչարյանն ինձ ասաց, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները»,- ասում է Կազիմիրովը:

1994թ. մայիսյան հրադադարից հետո Կազիմիրովն Ալիևի հետ հանդիպումներում վեց անգամ առաջարկում է վերսկսել Քոչարյանի հետ խորհրդապահական հանդիպումները: «Ալիևը, նախապես տալով սկզբունքային համաձայնություն, ամեն անգամ փաստարկներ էր բերում, որ հայերը դա օգտագործում են իրենց քարոզչական նպատակներով: Ասում էի` կփորձեմ Քոչարյանից ստանալ գրություն, որ նրանք խոստանում են չհրապարակել: Ես շարադրեցի նման թուղթ և ուղարկեցի Ալիևին ու  Քոչարյանին: Քոչարյանը պատասխանեց, որ պատրաստ է ստորագրել, եթե ստորագրի Ալիևը: Բայց Ալիևը չստորագրեց: Վեց անգամ խոսք եմ բացել երկկողմ հանդիպումներից, իսկ յոթերորդ և ութերորդ անգամ Ալիևն ինքը խոսակցություն բացեց: Այնպես որ, ութ անգամ պայմանավորվել ենք»,- հումորով հիշում է Կազիմիրովը:

Ալիևի իշխանության օրոք Ադրբեջանը կորցրեց հինգ շրջան` Ջեբրայիլը, Ղուբաթլուն, Զանգելանը` ամբողջությամբ, Աղդամը և Ֆիզուլին` մասամբ: Բայց նրան ոչ պակաս մտահոգում էր դիրքերի ամրապնդումը Բաքվում: 1993թ. օգոստոսի 29-ին անցկացվեց Էլչիբեյին անվստահություն հայտնելու հանրաքվե: Ծննդավայր Քելեքի գյուղ տեղափոխված Էլչիբեյը հայտարարեց, որ չի ընդունում հանրաքվեի կեղծ արդյունքները և ժողովրդավարական մեթոդներով կպայքարի` «վերացնելու պետական հեղաշրջման արդյունքները և հետևանքները»։ Հոկտեմբերի 3-ին կայացան նախագահական արտահերթ ընտրություններ։ Ալիևը ստացավ քվեների բացարձակ մեծամասնությունը:

Լուսանկարում՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Հեյդար Ալիևը, 2001, Սադարակ 

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: