22 մարտ, 2019 17:41

ԱՄՆ-ը պետք է ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է ճանաչել Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Սիրիական այդ տարածքների հանդեպ Իսրայելը վերահսկողություն էր սահմանել 1967թ․ Վեցօրյա պատերազմի արդյունքում։

«52 տարի անց ժամանակն է, որ ԱՄՆ-ը լիովին ճանաչի Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների հանդեպ, որն ունի ռազմավարական և անվտանգային չափազանց մեծ կարևորություն Իսրայել Պետության և տարածաշրջանային կայունության համար»,- Թվիթերում գրել է Թրամփը։ 

Թրամփին անմիջապես երախտագիտություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ նրա այդ որոշումն անվանելով խիզախ քայլ։

«Մի ժամանակահատվածում, երբ Իրանը փորձում է օգտագործել Սիրիան Իսրայելը ոչնչացնելու համար, նախագահ Թրամփը խիզախորեն ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ։ Շնորհակալություն, նախագահ Թրամփ»,- գրել է Նեթանյահուն։

Դոնալ Թրամփի հայտարարությանն արձագանքել են պաշտոնական Մոսկվան և Դամասկոսը։

Ինչպես հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Ռուսաստանը անփոփոխ կերպով Գոլանի բարձունքները ճանաչում է սիրիական տարածք։ Զախարովան հիշեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 497 բանաձևը, որը հաստատում է այդ պատկանելությունը։ 

Պաշտոնական Դամասկոսն իր հերթին խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը՝ այն անվանելով անպատասխանատու։ Դամասկոսում կարծում են, որ ԱՄՆ-ի նախագահի ու վարչակազմի հայտարարությունները երբեք չեն փոխի փաստը, որ Գոլանը եղել և կլինի սիրիական տարածք։

Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության իրավունքի ճանաչումը չի կարող լինել նախադեպ արցախյան հակամարտության համար

Արևելագետ Կարեն Վերանյանը կարծում է, որ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության իրավունքի ճանաչումը չի կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների, այդ թվում՝ արցախյան հակամարտության համար, քանի որ դրանք ունեն տարբեր իրավաքաղաքական հիմքեր, տարածաշրջանային անվտանգային այլ տրամաբանություն ու առանձնահատկություններ։

«Ժամանակին խոսվում էր այլ հակամարտությունների ուղղությամբ սկզբում՝ Կոսովոյի, հետո՝ Աբխազիայի նախադեպերի պրոյեկտման հնարավորության մասին, սակայն ակնհայտ էր, որ դրանք որևէ կիրառություն չէին կարող ստանալ։ Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության իրավունքի ճանաչումն ինքնին, որպես երևույթ, իր բացառիկությամբ նախադեպային է, սակայն այն չի կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների համար։ Պատճառները տարբեր են՝ սկսած աշխարհաքաղաքական ու անվտանգային հարցերից, վերջացրած ազգային, հակամարտության առանձնահատկություններով։

Այլ հարց է՝ հայկական կողմը կարող է այստեղ ստանալ քաղաքական դիվիդենտներ թե ոչ. կարծում եմ, որ այո։ Նախ այն առումով, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերջին զեկույցում Իսրայելի կողմից «գրավյալ» Գոլանի բարձունքները ձևակերպումը փոխարինվեց Իսրայելի կողմից «վերահսկվող» Գոլանի բարձունքները տարբերակով։ Այստեղ էականն այն է, որ մեսիջը հնչում է մարդու իրավունքների զեկույցում։ Այստեղ իհարկե ունենք քաղաքական-դիվանագիտական հնարավորություններ բարձրաձայնելու, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման պահանջը բխում է նախևառաջ մարդու հիմնական իրավունքների ու ազատության սկզբունքից»,- գրել է Վերանյանը։