22 մարտ, 2019 13:03

Առաջիկայում կլինեն նոր «հնչեղ բացահայտումներ»․ Արթուր Վանեցյան

Առաջիկայում կլինեն նոր և հնչեղ բացահայտումներ․ այս մասին հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։ ԱԱԾ տնօրենը չմանրամասնեց, թե որ ոլորտում և ինչ բացահայտումների մասին է խոսքը։

Արթուր Վանեցյանն այսօր մասնակցում էր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։

Լրագրողների հետ ճեպազրույցում նա դեմ արտահայտվեց ԱԱԾ-ն և ոստիկանությունը նախարարություններ դարձնելու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությանը։ Այդ կերպ, ըստ ԱԱԾ տնօրենի, նշյալ մարմինները «քաղաքականացվելու են և ենթարկվեն տվյալ պահի իշխանությանը»։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, մինչդեռ, կարծում են, որ նախարարություններ դառնալու դեպքում՝ ԱԱԾ-ն և ոստիկանությունը ավելի հաշվետվողական կլինեն խորհրդարանին։ Այդ կառույցները ներկայում վարչապետին առընթեր մարմիններ են, դրանց ղեկավարները նշանակվում են վարչապետի կողմից և հաշվետու են վարչապետին։

ԱԱԾ տնօրենը, անդրադառնալով մամուլում տեղ գտած լուրերին, ասաց, որ իր ընտանիքը որևէ առնչություն չունի բենզինի և նավթամթերքի ներկրման հետ։ Լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը մտադրված է բենզինի ներկրմամբ զբաղվել։

«Եթե ես դատի տամ իմ վերաբերյալ նման լուրեր տարածողներին, ուղղակի խայտառակություն կլինի։ Ես հերքում եմ այդ նյութը և նույնը խորհուրդ կտամ այդ լրատվամիջոցին։ Օգտագործել են իմ անունը, որպեսզի իրենց դիտումներն ու իրենց հրապարակումը շատ կարդացվի, ինչը պարզապես ամոթալի է։ Իմ ընտանիքը որևէ կապ չունի բենզինի և նավթամթերքի շուկայի հետ»,- շեշտեց ԱԱԾ տնօրենը։

ԱԱԾ տնօրենն անդարդարձավ նաև «Երևան» հիմնադրամում հնարավոր չարաշահումների քրեական գործին՝ հայտնելով, որ վնասը փոխհատուցվել է. «Չգիտեմ՝ ուր է հասել այդ գործը, բայց 1,807 մլրդ դրամ վերականգնվել է, 500 մլն-ից ավելի գումար կա, դա էլ ենք համարում վերականգնված, ընդհանուր 2,300 մլևդ-ի չափ գումար կա վերականգնված»։

Գևորգ Թոսունյան

Կարդացե՛ք նաև՝

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԱԱԾ տնօրենը մասնակցեց ԱԺ հանձնաժողովի նիստի