22 մարտ, 2019 15:30

Արցախի պատմության համառոտ ժամանակագրություն

2016 թվականի ապրիլ – Ադրբեջանը սկսեց պատերազմ շփման գծի ողջ երկայնքով, որի արդյունքում տեղի ունեցավ ստատուս քվոյի պարտադրված փոփոխություն․ հայկական կողմը կորցրեց շուրջ 800 հեկտար տարածք, որն այսօրվա Արցախի տարածքի 0,07 տոկոսն է կազմում։

1994 թվականի մայիս – Մոսկվայում հաստատվեց անժամկետ զինադադար, որը ստորագրեցին Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը։ Ըստ այդ զինանդադարի, Արցախի դե ֆակտո տարածքը կազմեց շուրջ 12 հազար քառակուսի կիլոմետր։

1991-1994 թվականներ – Պատերազմ Արցախում, հարակից շրջաններում, Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով և ՀՀ-Նախիջևան սահմանի որոշ հատվածներում։ Պատերազմն ավարտվում է անժամկետ հրադադարով՝ Խորհրդային, ապա անկախ Ադրբեջանի տարածքային զգալի  կորուստներով։

1991 թվականի սեպտեմբեր – Արցախը անկախություն է հռչակում նախկին ԼՂԻՄ տարածքում և Շահումյանի շրջանում, որը չէր մտնում ԼՂԻՄ-ի մեջ։

1991 թվականի դեկտեմբեր – Արցախը հանրաքվեով հռչակում է անկախություն։

1988-1991 թվականներ - Արցախը փաստացի այլևս չէր ենթարկվում Բաքվին։

1988 թվականի փետրվար – Արցախյան շարժման սկիզբը։

1923-1991 թվականներ – Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմում։

1920-1923 թվականներ – Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին ենթարկեցնելու ժամանակաշրջան։

1923 թվականի հուլիս – Խորհրդային Ադրբեջանն ընդունում է «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման» դեկրետը։

1921 թվականի հուլիս – Ստալինի, բոլշևիկների օգնությամբ, Կովկասյան բյուրոն Լեռնային Ղարաբաղը կցում է Խորհրդային Ադրբեջանին, թեև որոշումից մեկ օր առաջ մեկ այլ որոշմամբ «Լեռնային Ղարաբաղը մտցվում էր Խորհրդային Հայաստանի կազմ»։

1921 թվականի հունիս – Խորհրդային Հայաստանի կառավարությունը՝ Ալեքսանդր Մյասնիկյանի ստորագրությամբ, ընդունում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու մասին դեկրետ։

1920 թվականի մայիս - Արցախի Չանախչի գյուղում, այսօր՝ Ավետարանոց, տեղի է ունենում Դրոյի, Նժդեհի, գնդապետ Դմիտրի Միրիմանյանի և Արսեն Միքայելյանի խորհրդակցությունը, որոշվում է Ղարաբաղում իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին։ Հայաստանի զինված ուժերը՝ Դրոյի և Նժդեհի գլխավորությամբ, նահանջում են դեպի Գորիս և Կապան։

1918-1920 թվականներ – Արցախը կռվախնձոր է դառնում Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մի կողմից՝ Արցախը չի ենթարկվում Ադրբեջանին և մաս չի կազմում Ադրբեջանի, մյուս կողմից՝ Հայաստանը չի կարողանում Արցախը միացնել իրեն, ինչպես դա հնարավոր եղավ 1919-ին Նախիջևանի և Կարսի դեպքում։  

1813-1918 թվականներ – Արցախը մաս է Ռոմանովների Ռուսական կայսրության, իսկ ամբողջ Անդրկովկասը՝ 1828-ից։

1805-1813 թվականներ – Պարսկաստանը, որի մաս էր Արցախը, պատերազմի արդյունքում այն զիջում է Ռուսաստանին։