22 մարտ, 2019 12:22

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ԱԱԾ տնօրենը մասնակցեց ԱԺ հանձնաժողովի նիստի

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր մասնակցեց  ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին։ Նա ասաց, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ԱԱԾ տնօրենը մասնակցում է ԱԺ-ում հանձնաժողովի նիստին, ներկայացնում ծառայության զեկույցը։

Վանեցյանի խոսքով՝ Ազգային անվտանգության ծառայության հանդեպ վստահությունը կտրուկ բարձրացել է։

«Մարդիկ համագործակցում են մեզ հետ, սկսում են օգնել, վստահությունը բարձրացել է։ Այն ժամանակ, եթե ԱԱԾ աշխատակիցը գնար մի անձի որևէ բան հարցներ, պատասխանում էր՝ «ես ոչինչ չգիտեմ», շուռ էր գալիս ու փախնում։ Հետո ծանոթ էր ման գալիս, որ զանգ տային ու խնդրեին, որ այդ անձին չանհանգստացնեն։ Հիմա մարդիկ փորձում են մեզ աջակցել»,- հանրային վստահության թեմային անդրադառնալով՝ ասաց Վանեցյանը։

Վստահության բարձրացումը ԱԱԾ տնօրենը նկատել է անձամբ։ Ասում է՝ դուրսը զբոսնելիս կամ խանութ գնալիս իր հանդեպ վերաբերմունքը մշտապես դրական է քաղաքացիների կողմից։

Պատգամավորները հետաքրքրվեցին, թե ինչ ծավալների աշխատանք է կատարել ԱԱԾ-ն։ Վանեցյանը պնդեց, որ այդ տեղեկատվությունը չի կարող տրամադրել, գաղտնի է։

«Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարի 40 քրեական գործ է հարուցել,- փոխանցեց Վանեցյանը։- Գումարների վերադարձի հետ կապված աշխատանքներն ակտիվ կատարվում են։ Բավականաչափ մեծ գումարներ վերադարձվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այս տարվա ընթացքում արդյունքները տեսանելի կլինեն»։

Վանեցյանը նաև հայտնեց, որ 2019-ին ԱԱԾ-ում աշխատավարձները 30 տոկոսով բարձրացել են. «Վարչապետի ու կառավարության մոտեցումն այն է, որ ԱԱԾ-ի և առհասարակ իրավապահ համակարգի աշխատակիցների աշխատավարձը  մշտական աճի միտում ունենա»,- նշեց ԱԱԾ տնօրենը։

Վանեցյանը քննարկման ընթացքում կատակեց նաև գաղտնալսման վերաբերյալ։

Նա պատրաստակամություն հայտնեց նորից գալ, շփվել ու համագործակցել պատգամավորների հետ։

Գևորգ Թոսունյան