22 մարտ, 2019 16:25

Ո՞վ է տաջիկ ցուցարարների գործատուն․ չմարված վարկերից մինչև անձնագրերի կրկնակի կեղծում ու դատապարտում

Մարտի սկզբից կառավարության նիստերի օրերին գործադիրի շենքի դիմաց ցույցեր են անում մի խումբ տաջիկ բամբակագործներ։ Նրանք հայտարարում են, որ մայիսից ժամանել են Հայաստան ու սկսել աշխատել «Ուզբեկ տեքստիլ գրուպ» ընկերությունում։ Սակայն մոտ ինը ամիս է՝ աշխատավարձ չեն ստացել։ Տաջիկները պնդում են, որ «Ուզբեկ տեքստիլ գրուպի» տնօրեն Գագիկ Խաչիկյանն իրենց պարտք է ավելի քան 25 000 դոլար, սակայն հրաժարվում է գումարը վճարել, իսկ առանց գումարի նրանք չեն կարող երկրից դուրս գալ։ Խաչիկյանը մինչդեռ հակադարձում է՝ հայտարարելով, որ տաջիկ աշխատողների համար բոլոր պայմաններն ինքը ստեղծել է, իսկ աշխատավարձերը ամբողջությամբ չեն վճարվել, քանի որ բամբակի մի մասը մնացել է դաշտերում, և տաջիկները բերքը չեն հավաքել։ Պարզվում է՝ տաջիկները աշխատում էին ներդրումային մի ծրագրի շրջանակում, որի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ նախընտրական իր հանդիպումներում ու նշել Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում արտադրամասի կառուցման մասին։

«Երբ մտել եմ վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը հետևյալն է եղել՝ ինձ տեղեկացրել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրում։ Իրականացրեց բամբակի ցանք, հիմա պարզվում է, որ բամբակը սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել։ Այդ գործարարը ծագումով գավառցի է՝ Ծովազարդ գյուղից, որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլի գործարան, որտեղ այդ բամբակից գործվածքներ կստեղծվեն։ Իր խոստմամբ՝ գործարանը հունվարից կաշխատի։ Այնտեղ սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետո՝ արդեն 1200 աշխատատեղ»,- հայտարարել էր Փաշինյանը։

Խոսքը «Ուզբեկ տեքստիլ գրուպի» մասին էր, որը  բամբակի մշակման ու վերամշակման գործունեություն է իրականացնում Արմավիրի և Արարատի մարզի սահմանամերձ գյուղերում՝ Արաքս գետի ափին, նաև՝ Գեղարքունիքի մարզում։ Ընկերությունը կառուցում է նաև արտադրամասեր, որտեղ նախատեսում է իրականացնել տեքստիլ գործունեություն։

Ըստ կառավարության էլեկտրոնային ռեգիստրի՝ «Ուզբեկ տեքստի գրուպըլ» ստեղծվել է 2018թ․ մայիսի 29-ին։ Ընկերության սեփականատերը Գագիկ Խաչիկյանն է։ Խաչիկյանը նոր չէ բամբակի մշակման ոլորտում։ 2017թ․ նա հիմնել էր մեկ այլ ընկերություն՝ «Բամբակ տեքստիլ գրուպը», որը նախատեսում էր Արմավիրում 2000 հեկտարի վրա բամբակի արտադրություն սկսել։ 2017թ․ նոյեմբերին Գագիկ Խաչիկյանը որպես «Բամբակ տեքստիլ գրուպի» ղեկավար հանդիպել էր Արմավիրի այն ժամանակվա մարզպետ Աշոտ Ղահրամանյանին։ Այն ժամանակ Խաչիկյանը իր աշխատակիցներին խոստացել էր բարձր վարձատրություն։

Ուշագրավ է, որ նախկին մարզպետի որդին՝ Սարգիս Ղահրամանյանը, «Բամբակ տեքստիլ գրուպի» 50 տոկոսանոց բաժնետերն էր։ Մյուս 50 տոկոսը Գագիկ Խաչիկյանին էր։ 2018-ին Ղահրամանյանը դուրս է եկել այս բիզնեսից, նրան փոխարինել են ազգությամբ երկու ուզբեկներ։

Խաչիկյանը նաև Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկայի սեփականատերն է։ Ֆաբրիկան 2011թ․ «ՎՏԲ-Հայաստան բանկի» պահանջով ճանաչվել է սնանկ։ 2007-ին ՎՏԲ-ն արտադրական նպատակներով վարկային գիծ է բացել Խաչիկյանին պատկանող ֆաբրիկայի համար։ Դրա դիմաց գրավադրվել է Գագիկ Խաչիկյանին պատկանող մեկ այլ ընկերության՝ «Գոր-Ալ» ՍՊԸ-ին պատկանող ու Արարատի մարզի Արգավանդ գյուղում գտնվող գույքը՝ 0,4 հա հողամաս, 3 340 քառակուսի մետր արտադրական շենք, կիսակառույցներ, լողավազան։  500 000 դոլարից 214 000-ը փոխանցվել է Խաչիկյանի տաջիկական ընկերության՝ «Շարաֆ 2003»-ի հաշվեհամարին։ Վարկը սակայն չի մարվել, ու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009թ․ վճռել է Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկայից 508 000 դոլար բռնագանձել հօգուտ ՎՏԲ-Հայաստան բանկի։ Այնուհետև բանկը պահանջել է սնանկ ճանաչել և 2010թ․ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասւթյան դատարանը ֆաբրիկան ճանաչել է սնանկ։ Ընկերությունը վերաքննիչում բողոքարկել է որոշումը, սակայն ապարդյուն։

Գագիկ Խաչիկյանը երկու անգամ եղել է դատապարտված՝ միևնույն հանցանքը կատարելու համար։ «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում ենք, որ 2009թ․ Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու, իրացնելու, օգտագործելու, ինչպես նաև պետական սահմանն ապօրինի հատելու հատկանիշներով։ Խաչիկյանն ընդունել է մեղադրանքը։  

Ըստ մեղադրանքի՝ 2009թ․ փետրվարին «Հրազդան» տոնավաճառի մոտ Խաչիկյանը գտել է Գագիկ Համբարձումյանի տվյալներով քաղաքացու անձնագիրը, փոխել անձնագրի լուսանկարն ու այդպիսով երկրից մեկնել։ Սեփական անձնագիրը Խաչիկյանը չի կարողացել օգտագործել, քանի որ «Ուզբեկստանում պետական գույքը վատնելու համար գտնվել է հետախուզման մեջ»։ Մեկ տարի անց Խաչիկյանը վերադարձել է, և ԱԱԾ աշխատակիցները պարզել են կեղծ անձնագրի առկայության դեպքը։ 2010թ․ օգոստոսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել է 600 000 դրամ տուգանքի։

Վճռից երկու ամիս չանցած՝ Խաչիկյանը քաղաքացի Սահակ Աղլամազյանից վերցրել է վերջինիս անձնագիրը՝ Ծովազարդի տեքստիլ ֆաբրիկայում աշխատանքի տեղավորելու համար, ապա նորից փոխել լուսանկարն ու մեկնել Վրաստան։ Երկու տարի անց նորից վերադարձել է, ու նորից հայտնաբերվել է անձնագրի կեղծման փաստը, հարուցվել է քրեական գործ, Խաչիկյանը դարձյալ տուգանվել է 600 000 դրամով։

Թավշյա հեղափոխությունից հետո արդեն Գագիկ Խաչիկյանի անվանը հանդիպում ենք՝ որպես տեքստիլ ոլորտում ներդրողի։Նա հասցրել է հանդիպումներ ունենալ նաև տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այսպես՝ անցյալ սեպտեմբերի 27-ին Գագիկ Խաչիկյանի «Ուզբեկ տեքստիլ գրուպ» էր այցելել տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Նոյեմբերի 1-ին Հայանիստում կառուցվող արտադրամաս է այցելել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, հանդիպում ունեցել «Ուզբեկ տեքստիլ գրուպի» ղեկավարության հետ։ Բացի այս՝ հունիսին Գագիկ Խաչիկյանը հանդիպել էր Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին, ներկայացրել իրենց ծրագրերն ու խոսել պետության աջակցության անհրաժեշտության մասին՝ «սուբսիդիայի և ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու համար»։

Կառավարությունը ամիսներ առաջ լուսաբանել էր բամբակի արտադրության աշխատանքները։ Խաչիկյանն էլ հայտարարել էր, որ բամբակի բերքը վաճառելու են Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկային, իսկ երկարատև հեռանկարում նպատակ ունեն հումք մատակարարել նաև չինական ընկերություններին։

Մկրտիչ Կարապետյան